Իտալացի հնէաբանները գտել են մեռյալների թագավորության մուտքը (լուսանկարներ)
Իտալացի հնէաբանները հայտնել են, որ գտել են մեռյալների թագավորություն տանող մուտքը, որը հայտնի է նաև որպես Պլուտոնի դարպասներ, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Discovery-ին։
Գտածոյի մասին հայտարարվել էր Ստամբուլում կայացած գիտաժողովի ժամանակ։ Բացահայտումն արվել էր Թուրքիայի հարավ-արևմուտքում պեղումների ժամանակ՝ դասական հնէաբանության պրոֆեսոր Ֆրանչեսկո դʿԱնդրիայի գլխավորությամբ։ Պրոֆեսորն ասել է, որ հնէաբանները գտել են «դժոխքի դարպասները»։
Պլուտոնի դարպասները համարվում էին մեռյալների թագավորության մուտքի կետը։ Հնագույն ժամանակներում այդ վայրը նկարագրում էին որպես թունավոր օդով լցված քարանձավ։
«Այդ տարածքը լցված է այնպիսի խիտ մառախուղով, որ անհնար է տեսնել հատակը։ Ներսում հայտնված ցանկացած կենդանի անմիջապես սատկում է։ Ես այնտեղ աղավնիներ նետեցի, նրանք վերջին հոգոցը հանեցին և ընկան անկենդանացած»,- գրել է հին հույն պատմաբան Ստրաբոնը։
Այսօր պահպանվել են միայն տաճարի ավերակները, լողավազանը և վերևում տեղակայված աստիճանները։
«Մարդիկ կարող էին հետևել արարողություններին աստիճաններից, սակայն չէին կարող մոտենալ դարպասներին։ Դրանց դիմաց կանգնում էին միայն քահանաները»,- նշել է իտալացի հնէաբանը։
Պեղումների ժամանակ գիտնականները կարողացել են համոզվել Ստրաբոնի խոսքերի մեջ. մի քանի թռչուն նրանց աչքի առաջ սատկել են՝ չափազանց շատ մոտենալով «դժոխքի դարպասներին»։
















