Ամերիկացի գիտնականն ահազանգում է Մրենի տաճարի փլուզման վտանգի մասին
ԱՄՆ Թաֆթսի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանջին կոչ է արել պահպանել Մրենի տաճարը, որը գտնվում է ներկայիս Թուրքիայի Կարսի շրջանում, գրում է Armenian Reporter պարբերականը։
Պրոֆեսոր Մարանջին, ով ուսումնասիրում է Բյուզանդական շրջանի ճարտարապետությունն ու մշակույթը, ինչպես նաև Անդրկովկասի, մասնավորապես՝ Հայաստանի ճարտարապետությունը, նշում է, որ տաճարը փլուզման վտանգի տակ է։
«638թ.-ին թվագրվող Մրենի վանքը համաշխարհային մշակույթի գլուխգործոց է և հայկական ճարտարապետության «Ոսկե դարի» ձեռքբերումը»,-ասել է գիտնականը։
Նա նշել է, որ հռոմեական կայսր Հերակլիոսին պատկանող գրություն և յուրահատուկ բարձրաքանդակ կա, որը պատմում է Իրական խաչը Երուսաղեմ վերադարձնելու մասին։ «Մրենի տաճարն անգնահատելի նյութ է պարունակում պատմության ամենաողբերգական և դեռևս քիչ փաստարկված պահերից մեկի մասին»,-ասել է նա։
Քրիստինա Մարանջին մտահոգ է, որ Մրենի տաճարը կարող է այլևս չդիմանալ։
1990-ական թթ.-ի լուսանկարներն ու 21-րդ դարի առաջին տասնամյակում արված նկարները ցույց են տալիս, որ եկեղեցու հյուսիսային ճակատն աստիճանաբար կործանվում է։










