Նյու-Յորքի փողոցներում 154 դերասաններ կընթերցեն Շեքսպիրի սոնետները

22:19 • 04.04.13

«Sonnet Project» նախագծի շրջանակներում 154 դերասաններ մեկ տարվա ընթացքում Նյու-Յորքի փողոցներում կընթերցեն Շեքսպիրի սոնետները: Նախագծի կազմակերպիչներն այս մասին հայտնել են իրենց կայքում: 

 

Դերասանների ելույթները կնկարահանվեն, և մեկ շաբաթվա ընթացքում երեքական տեսահոլովակ կտեղադրվի SonnetProjectNYC.com կայքում: Նախագծի ավարտից հետո նախատեսվում է նաև թողարկել ընթերցանության CD-ները:

 

Հեղինակների մատնանշմամբ՝ ծրագրի նպատակն է լայն մասսաներին հասցնել Շեքսպիրի ստեղծագործությունները, ինչպես նաև նրանք պլանավորում են 2014-ի ապրիլի 23-ին ապահովել տեսահոլովակների միլիոնանոց դիտում Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի կապակցությամբ:

 

Նախագծին մասնակցելու իրենց համաձայնությունն են արդեն տվել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Օստին Փենդլթոնը («Փայլուն միտք», «Ուոլ սթրիթ 2»), Լին Կոեն («Սեքսը մեծ քաղաքում», «Մյունխեն»), Քրիս Սարանդոնը («Սուրբ Ծննդյան մղձավանջ», «Արդար դատաստան»), Ջոհաննա Գլիսոնը («Լավ կինը» և «Արևմտյան թև») և Մայքլ Ուրին: