Դեսմոնդ Տուտուն դարձել է Թեմփլթոնի մրցանակի դափնեկիր
Դալայ լամայից հետո, հեղինակավոր Թեմփլթոնի մրցանակին է արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, անգլիկան արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն։ Մրցանակը շնորհվում է «հոգևոր կյանքի բացահայտումների կամ հետազոտական հաջողությունների համար», հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Թեմփլթոնի հիմնադրամին։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում առաջին սևամորթ եպիսկոպոսը դարձել է 42-րդ մրցանակակիրը։ Մրցանակը կազմում է 1.1 մլն ֆունտ ստեռլինգ (1.67 մլն դոլար), ինչն այն դարձնում է ամենախոշոր պարգևատրումն աշխարհում, որն ամեն տարի շնորհվում է մեկ մարդու։
«Ընդունելով նման պատվավոր մրցանակը՝ ես կցանկանայի երախտիքս հայտնել այն բոլոր հիանալի մարդկանց, ովքեր ընդունել են ինձ որպես իրենց առաջնորդ։ Այս մրցանակը բոլորինս է»,- ասել է Տուտուն։
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կանցկացվի մայիսի 21-ին, Լոնդոնում։ Տարբեր տարիների այդ մրցանակին են արժանացել Մայր Թերեզան, Ալեքսանդր Սոլժենիցինը և այլք։ Նախորդ տարի մրցանակը շնորհվել է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամային։










