Կուստուրիցան օրգանների վաճառքի մասին ֆիլմ կնկարահանի՝ «Ոճիր և պատիժ» գրքի մոտիվներով

16:48 • 04.04.13

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ֆիլմ կնկարահանի մարդկային օրգանների անօրինական վաճառքի մասին՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի մոտիվներով, հայտնում է Кореспондент-ը։ 


Այս մասին Կուստուրիցան պատմել է Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ ֆիլմի գործողությունների մեծ մասը տեղի կունենա Ռուսաստանում։

 

«Կարծում եմ՝ ֆիլմի աշխատանքները կավարտվեն 3 տարվա ընթացքում։ Դա մեծ ֆիլմ կլինի, որի համար անհրաժեշտ է երկարատև պատրաստություն և մեծ ներդրումներ։ Սցենարի գաղափարը պատկանում է իմ դստերը։ Հնարավոր է՝ սա դարի ամենագլխավոր թեմաներից մեկն է»,- նշել է Կուստուրիցան։

 

«Իմ սիրելի Ֆյոդոր» աշխատանքային անվանումով ֆիլմի գլխավոր հերոսը կլինի Փարիզում ապրող մի սերբ ներգաղթյալ, ով կստանձնի վեպի հերոս Ռոդիոն Ռասկոլնիկովի դերը։ «Ռասկոլնիկով դառնալու» ցանկությունը նրան կբերի Դոստոևսկու հայրենիք՝ Սանկտ Պետերբուրգ, այնուհետև Կոսովո։ «Կոսովյան» տեսարանները, հավանաբար, նույնպես կնկարահանվեն Ռուսաստանում։