Մադոննան կվաճառի Լեժեի նկարը, որպեսզի օգնի Աֆղանստանի և Պակիստանի կանանց
Մադոննան որոշել է վաճառել Ֆերնան Լեժեի վրձնին պատկանող իր նկարը և ստացված միջոցները ուղղել Աֆղանստան, Պակիստան և այն երկրներ, որտեղ աղջիկների կրթությունը վատ վիճակում է: Lenta.ru-ն, հղում կատարելով AP-ին, նշում է, որ խոսքը գնում է «3 կին կարմիր սեղանի շուրջ» կտավի մասին, որը երգչուհուն էր պատկանում ավելի քան 20 տարի:
Նկարը մայիսի 7-ին աճուրդի կհանվի Sotheby's աճուրդային տան կողմից: Նախատեսվում է, որ Լեժեի աշխատանքը կվաճառվի 5-7 միլիոն դոլարով:
Ստացված գումարները կփոխանցվեն Մադոննային պատկանող «Ray of Light» բարեգործական հիմնադրամին: Երգչուհին նշում է, որ «հանուն անգին բանի ցանկանում է վաճառել որևէ թանկ բան»:
«3 կին կարմիր սեղանի շուրջ» կտավը ֆրանսիացի նկարիչ Լեժեի կողմից ստեղծվել էր 1921 թվականին: Մադոննան այն գնել էր 1990 թվականին:










