Դի Կապրիոն ու Հենքսը Գորբաչովի մասին ֆիլմ կնկարահանեն

09:36 • 05.04.13

Հոլիվուդյան աստղեր Լեոնարդո դի Կապրիոյի և Թոմ Հենքսի պրոդյուսերական ընկերությունները HBO Films-ի հետ համատեղ զբաղված են ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի մասին ֆիլմի նախագծի մշակման աշխատանքներով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Deadline հրատարակությանը։

 

Deadline-ի տվյալներով՝ նախագծի խորհրդատուն է անձամբ Գորբաչովը, ինչպես նաև Պավել Պալաժչենկոն, ով երկար տարիներ եղել է քաղաքական գործչի թարգմանիչը։

Ինչպես հաղորդվում է, ֆիլմը կպատմի Խորհրդային Միության փլուզման մասին՝ առաջին և վերջին նախագահի աչքերով։

 

Իսկ նման ֆիլմ ստեղծելու գաղափարն առաջացել է Գորբաչովի և Դի Կապրիոյի ծանոթությունից հետո։ Նախկին նախագահը 2011-ի փետրվարին Բեռլինում դերասանին է հանձնել Cinema for Peace մրցանակը՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գործունեության համար։

 

Սցենարիստը կլինի Ջոն Շիբան։ Դերասանական կազմի մասին դեռ չի հաղորդվում։