Աշխարհի ամենաշքեղ գրախանութը (լուսանկարներ)
Ընթերցանության և թատրոնի հանդեպ սերը հաճախ արտահայտվում է միևնույն մարդկանց մոտ։ Եվ ահա գրքասերները և թատրոնի սիրահարները կարող են միավորել իրենց այդ երկու զբաղմունքները, հայտնում է nakonu.com-ը։
Եվ այդ ամենը շնորհիվ Libreria El Ateneo գրախանութի, որն ամենաշքեղ նման հաստատությունն է աշխարհում։
Պարզվում է՝ աշխարհում կան ոչ միայն յուրահատուկ գրքեր, այլև բավականին առանձնահատուկ գրախանութներ։ Նման խանութներից մեկը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։
Խանութը գտնվում է մի շենքում, որտեղ 1919-2000թթ. գործել է Grand Splendid Theater թատրոնը, իսկ այնուհետև և կինոթատրոնը։ Ընդ որում՝ այն գտնվում է քաղաքի լավագույն թաղամասերից մեկում և նախատեսված է եղել ապահովված լսարանի համար։
Հաստատության ինտերիերը բոլորովին չի փոխվել գրախանութ դառնալուց հետո։ Իսկ ահա նախկին թատրոնի բեմում այժմ սրճարան է, որտեղ այցելուները կարող են սուրճ ըմպել՝ գրադարակներից վերցված գրքերը թերթելով։ Սեղաններ և աթոռներ կան նաև գրախանութի տարբեր անկյուններում։
Օրվա 2-րդ կեսին այստեղ նվագում է դաշնակահարը, իսկ երեկոյան անցկացվում են թատերական միջոցառումներ և նույնիսկ համերգներ։
Libreria El Ateneo խանութը Բուենոս Այրեսի ամենահայտնի վայրերից է։ Այստեղ տարեկան այցելում է ավելի քան 1 մլն մարդ։ Ընդ որում՝ մարդիկ գալիս են ոչ միայն գնումներ կատարելու, այլև պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար։















