Տարանտինոն չինացիների համար կփոխի արյան գույնը «Django Unchained» ֆիլմում

20:20 • 09.04.13

Քվենտին Տարանտինոն կնկարահանի «Ջանգոն ազատագրված» ֆիլմի հատուկ տարբերակը չինացիների համար («Django Unchained»): Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ի հրապարակած տեղեկությունը, որը ստացվել է Sony Pictures-ի չինական բաժնից:


Ֆիլմի ժամանակագրությունը կմնա նույնը: Տարանտինոն չի պատրաստվում որևէ կադր կրճատել ֆիլմից, փոխարենը նա կադրում երևացող արյան գույնը պակաս վառ կցուցադրի, իսկ արյան շիթերն ավելի կարճ տարածության վրա կժայթքեն: Ինչպես հայտնել է Sony Pictures-ի չինական բաժնի ներկայացուցիչը, այս փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդի ֆիլմի որակի վրա:


«Ջանգոն ազատագրված»-ը Տարանտինոյի առաջին ֆիլմը կլինի, որը կհայտնվի Չինաստանի կինովարձույթում: Կինոնկարը Չինաստանի էկրաններին կհայտնվի ապրիլի 11-ին: Համեմատության համար նշվում է, որ Ամերիկայում ֆիլմը ցուցադրվել է 2012-ի դեկտեմբերին, իսկ Ռուսաստանում՝ 2013-ի հունվարին:


Ֆիլմը երկու անվանակարգերում «Օսկար» է ստացել՝ առաջադրվելով հինգում: