Estee Lauder-ի ժառանգորդը 1 մլրդ դոլարի կուբիստական կտավներ է նվիրել Մետրոպոլիտեն թանգարանին

09:43 • 10.04.13

Ֆրանսիական ճանաչված Estee Lauder պարֆյումերային ընկերության ժառանգորդ Լեոնարդ Էյ Լաուդերը 1 մլրդ դոլար արժողությամբ կուբիստական կտավների իր հավաքածուն նվիրել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանին։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, 78 նմուշից բաղկացած հավաքածուում կա 33 կտավ Պիկասոյից, 17-ը՝ Ժորժ Բրակից, 14-ը՝ Խուան Գրիսից, ևս 14-ը՝ Ֆերնան Լեժեից։ Հավաքածուն կազմվել է 37 տարվա ընթացքում և համարվում է աշխարհում կուբիզմի վերաբերյալ լավագույն հավաքածուներից մեկը։

 

«Սա յուրահատուկ նվեր է ոչ միայն մեր թանգարանին, այլ նաև մեր քաղաքին։ Լեոնարդի նվերն իսկապես  հեղափոխական է Մետրոպոլիտենի համար»,-ասել է հաստատության գործադիր տնօրեն Թոմաս Քեմփբելը։

 

Նա նաև նշել է, որ հավաքածուն անգնահատելի արժեք ունի 20-րդ դարի նկարչության ամենաազդեցիկ ուղղություններից մեկի՝ կուբիզմի ոճով ստեղծված գլուխգործոցների առումով։