Փարիզյան Լուվրը փակվել է՝ անձնակազմի գործադուլի պատճառով

18:18 • 10.04.13

Մոլորակի ամենաշատ այցելություններն ունեցող թանգարանը՝ փարիզյան Լուվրը, չորեքշաբթի փակվել է այցելուների համար՝ անձնակազմի գործադուլի պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։

 

Գործադուլին մասնակցել է մոտ 200 աշխատակից, ովքեր ապահովում են այցելուների ընդունելությունն ու անվտանգությունը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ վերջին շրջանում գրպանահատներն իրական դժբախտություն են դարձել Լուվրի համար. նրանք շատանում են և իրենց ավելի ագրեսիվ պահում, ընդ որում՝ հանցագործների գործողություններից տուժում են ոչ միայն թանգարանի այցելուները, այլ նաև աշխատակիցները։

 

Այսօր մասնակիցներից մոտ 100 մարդ հավաքվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության մոտ՝ դժգոհություն հայտնելու և անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու պահանջով։

 

Արհմիություններից մեկի ներկայացուցչի խոսքով՝ մարդիկ ցանկանում են իմանալ՝ մինչև երբ են ստիպված լինելու աշխատանքի գնալ ագրեսիվ տրամադրված կազմակերպված բանդայի հետ դեմ առ դեմ հանդիպելու վախով, այդ թվում՝ անչափահասների, ովքեր անվճար մտնում են թանգարան և որոնց ոստիկանությունը մի քանի օրից բաց է թողում՝ հանցագործության վայրում բռնելուց հետո։