Թբիլիսիում ցուցադրվել է «Պատմության 36 պահապանները» ֆիլմը

17:23 • 11.04.13

Հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 10-ին Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կազմակերպել է «Պատմության 36 պահապանները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԱ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը, ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել Թբիլիսիի հայ համայնքի հասարակական, մշակութային և արվեստի բնագավառի գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական կրթօջախների սաներ:


Տեղեկանք. «Պատմության 36 պահապանները» գիտահանրամատչելի, ճանաչողական, վավերագրական ֆիլմ է` համեմված գեղարվեստական լուծումներով: Ֆիլմը տալիս է բովանդակ և ամբողջական տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի կյանքի, աշխատանքների, հայոց պատմության ամենակարևոր էջերից մեկի` հայոց գրերի ստեղծման մասին՝ բացահայտելով մինչ օրս անհայտ հետաքրքիր փաստեր հայկական տառերի վերաբերյալ:


Ֆիլմի ռեժիսորը Հրաչյա Վարդանյանն է, ով ուսում է ստացել Հոլիվուդում` սովորելով այնպիսի հանրաճանաչ կինոռեժիսորների մոտ, ինչպիսիք են Քուենտին Տարանտինոն և Մարտին Սկորսեզեն: «Պատմության 36 պահապանները» ֆիլմը հեռարձակվել է նաև BBC հեռուստաընկերության կողմից: Այն 2010թ. Կաննի կինոփառատոնի ընթացքում 10 ամենադիտված ֆիլմերից մեկն է եղել և կինոփառատոնի 9000 ֆիլմերից հայտնվել է վավերագրական ֆիլմերի լավագույն հնգյակում: