Մոնսերատ Կաբալյեն նշում է իր ծննդյան 80-ամյակը. օպերային երգչուհին հունիսին համերգ կտա Հայաստանում

11:53 • 12.04.13

Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն ապրիլի 12-ին նշում է իր ծննդյան 80-ամյակը, հայտնում է Вести-ն։


Ինչպես հայտնում է tvkultura.ru-ն, հանրահայտ օպերային երգչուհին իր ծննդյան օրը կնշի ընտանիքի հետ։ Սակայն շուտով կսկսվի նրա համերգային շրջագայությունը. հունիսին նա համերգ կտա Հայաստանում, իսկ այնուհետ՝ Գերմանիայում և Ռուսաստանում։

 

Երգչուհին ծնվել է Բարսելոնայում։ 1954թ-ին գերազանցությամբ ավարտել տեղի Ֆիլհարմոնիկ դրամատիկական լիցեյը, իսկ 2 տարի անց դարձել Բազելի թատրոնի մենակատարուհի։

 

Միջազգային ճանաչում Կաբալյեն ձեռք է բերել 1965-ին. Նյու Յորքի «Կարնեգի հոլ» համերգային սրահում արիաներից մեկում նա փոխարինում է ամերիկուհի Մերիլին Հորնին։ Նրա այդ կատարումը դառնում է սենսացիա օպերայի աշխարհում։ Դահլիճը ծափահարում է 20 րոպե։

 

Իր կարիերայի ընթացքում  Կաբալյեն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների։ Երգչուհին ակտիվ զբաղվում է նաև բարեգործությամբ։ Նա ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։