Ազնիվ է գրված այս գիրքը. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» ստեղծագործությունը թարգմանվել է հայերեն

13:00 • 12.04.13

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլի հայերեն թարգմանված ու հրատարակված «Քարե երազներ» ստեղծագործությունը հարցեր է բարձրացնում, որոնք նրանց կողմից երբեք չեն բարձրաձայնվել: Գրքի կարևորության և յուրահատկությունների մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսեց հրատարակիչ, արձակագիր Ռուբեն Հովսեփյանը:


«Գիրքը թարգմանվեց առաջին հերթին այն պատճառով, որ գեղարվեստական առումով բարձր մակարդակ ունի: Եթե գեղարվեստական մակարդակը ցածր լիներ, ինչ աշխատանք էլ լիներ, չէինք հրատարակի: Ինձ հատկապես դուր է գալիս սերը իր մանկության, ապրած տարիների հանդեպ: Ադրբեջանական գրականության մեջ սա երևույթ է, թեև այդքան էլ լավ ծանոթ չենք նրանց վերջին 20 տարիների գրականությանը: Եթե ճապոնացի էլ լիներ, կհավանեի այս գործը»,- ասաց նա:


Գրքի թարգմանիչ Լեոնիդ Զիլֆուղարյանը միանգամից համաձայնել է թարգմանել, քանի որ երբ առաջին անգամ համացանցում կարդացել է գիրքը, շատ է հավանել:


«Ազնիվ է գրված այս գիրքը և հենց դրանով էլ գրավիչ է: Որևէ բարդություն չեմ ունեցել, աշխատել եմ չհայկականացնել, թողնել ամեն ինչ այնպես, ինչպես ինքն է գրել»,- ասաց նա:


Նշենք, որ այս գիրքը հեղինակի ծննդավայր Այլիսի՝ պատմական Ագուլիսի մասին է: Քաղաքի սալահատակ փողոցներով, այգիներով, տասներկու կիսաքանդ կամ իսպառ անհետացած հայկական եկեղեցիներով ներշնչված հեղինակը գրել է «Քարե երազներ» վեպը-ռեքվիեմը:


Նշենք, որ երբ գիրքը թարգմանվեց հայերեն, Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացավ, իսկ հեղինակը հայտարարեց, որ ինքն իր համաձայնությունը չի տվել՝ հայերեն թարգմանության համար:


Այս հանգամանքը հաստատեց նաև գրքի հրատարակիչ Ռուբեն Հովսեփյանը, սակայն միաժամանակ մի դիտարկում արեց. «Մենք փորձել ենք իր հետ կապվել, նրա էլեկտրոնային հասցեին նամակ ենք գրել, որպեսզի պահպանենք հեղինակային իրավունքի բոլոր նորմերը, սակայն նա չի արձագանքել: Բայց աշխարհում չկա մի գրող, որ դեմ լինի իր ստեղծագործությունը թարգմանելուն: Եթե նա որոշի դատի տալ, մենք ինչ պահանջվում է կփոխհատուցենք»:


Նա ընդգծեց, որ այս ստեղծագործությունը կարծես խավարի մեջ մի փոքրիկ լույս լինի և փաստում է նրա մասին, որ ադրբեջանական հասարակությունը մեզ համար դեռ կորած չէ:


Նշենք, որ գիրքը հրատարակվել է 500 օրինակով և շուտով կլինի գրախանութներում: