Մեկնարկել է «Երևանյան հեռանկարների» 14-րդ համերգաշրջանը

12:35 • 12.04.13

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բացել է իր 14-րդ համերգաշրջանը լեգենդար Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեղեկանում ենք ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից:


«Մեր ընկերությունը հպարտությամբ է աջակցում այնպիսի նախաձեռնությունների, որոնք հնարավորություն են ընձեռում հայաստանյան հանդիսատեսին վայելելու համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների ելույթները: Այս համերգը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը արվեստի բարեկամն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Նվագախումբը ղեկավարել է 11 «Գրեմմի» պարգևների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը։ Համերգի մենակատարն է եղել հանրահայտ վիրտուոզ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը։


Նվագախմբի այցը Հայաստան խոշոր իրադարձություն է, քանի որ նախկին ԽՍՀՄ երկրներից Ռուսաստանից հետո միակը Հայաստանն է` ուր այցելել է աշխարհի ամենահեղինակավոր նվագախումբը։ Վիեննայի ֆիլհարմոնիկը հիմնվել է 1842 թվականին: Այն Եվրոպայի և ամբողջ աշխարհի ամենահին նվագախումբն է։