Նիդերլանդների Բեատրիկս թագուհին Ազգային թանգարան է բացել
Նիդերլանդներում 10 տարի տևած վերակառուցման աշխատանքներից հետո այսօր՝ ապրիլի 13-ին , պաշտոնապես բացվել է Նիդերլանդների Ազգային թանգարանը:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է թագուհի Բեատրիկսը, ով ելույթ է ունեցել տաս հազարանոց հավաքված զանգվածի առաջ և ոսկե բանալիով բացել է թանգարանի դուռը, հայտնում է Associated Press-ը:
Վերականգնումից հետո ութ հազար ցուցանմուշներից միայն մեկն է զբաղեցրել իր նախկին տեղը՝ Ռեմբրանտի «Գիշերային պահակը», որը ցուցասրահում զբաղեցնում է իր պատվավոր տեղը: Ինչպես ակնկալվում է թանգարանի վերաբացումից հետո առաջին աշխատանքային օրվա ընթացքում այն կայցելեն մոտ 30 հազար այցելու: Մինչդեռ մինչև բացումը վաճառված տոմսերի ընդհանուր քանակը 75 հազար էր գնահատվում:
Ազգային թանգարանը փակվել էր վերակառուցման նպատակով 2003 թվականի գարնանը: Վերականգնման համար 10 տարիների ընթացքում ծախսվել է մոտ 491 մլն դոլար:
Նիդեռլանդների Ազգային թանգարանը հանդիսանում է Ամստերդամի հիմնական զբոսաշրջային գրավչություններից մեկը: Այն հիմնադրվել է 1808-ին Նապոլեոն I-ի եղբոր՝ Հոլանդիայի թագավոր Լուի Բոնապարտի կողմից:










