Մեկ դոլար՝ Մեծ եգիպտական թանգարան կառուցելու համար

19:00 • 14.04.13

Տնտեսական ճգնաժամը Եգիպտոսում հանգեցրել է նրան, որ երկրի իշխանությունները պատրաստվում են զբոսաշրջիկներից 1 դոլար խնդրել յուրաքանչյուր գիշերվա համար, հայտնում է Russia Today-ը։ 


Հավաքված միջոցները կտրամադրվեն աշխարհի ամենամեծ թանգարանի շինարարության ֆինանսավորմանը։


Այժմ Եգիպտոսում հանգստացող բոլոր զբոսաշրջիկների հյուրանոցային հաշվի մեջ կավելացվի 1 դոլար յուրաքանչյուր օրվա համար։ Այդ գումարը հարկ չէ և ոչ էլ թեյավճար, և վճարելն էլ պարտադիր չէ։ Նման կերպ իշխանությունները հույս ունեն հավաքել նվիրատվություն Մեծ եգիպտական թանգարանի կառուցման համար։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսածի, ապա թանգարանը հնարավոր կլինի բացել 2015-ին։


Ծանր տնտեսական ճգնաժամը, որում գտնվում է երկիրը, առանց միջոցների է թողել թանգարանային ֆոնդերը։ Հենց նրանցից էր կախված աշխարհի ամենամեծ թանգարանի կառուցումը։


Եգիպտոսցիների ծրագրով, թանգարանային համալիրը կզբաղեցնի 100 հազ. քմ և այնտեղ կտեղադրվեն հնագույն հավաքածուներ, որոնք մինչ այժմ գտնվում են պահեստարաններում ամբողջ երկրում։


Շինարարությունը սկսվել է 2012թ. մարտին Գիզա քաղաքի բարձրավանդակին՝ եգիպտական բուրգերից ոչ հեռու։ Նախագծի նախնական բյուջեն կազմել է 800 մլն դոլար։ Այդ գումարները Եգիպտոսին տրամադրել է միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը։


Նվիրատվությունների նոր միջոցառումները հաստատվել են Եգիպտոսի Տուրիզմի նախարարության կողմից։