Վերջին ռուս կայսեր նվերները վաճառքի են հանվել Christie's աճուրդում
Կարլ Ֆաբերժեի աշխատանքների յուրահատուկ հավաքածուն, որը պատկանել է ռուսական վերջին կայսր Նիկոլայ 2-րդի ընտանիքին կամ նվիրվել է նրա կողմից, կներկայացվեն այսօր Նյու Յորքում՝ Christie's աճուրդի տանը, հայտնում է РИА Новости-ն։
«Այդ իրերի մեծամասնությունը Խորհրդային Միությունից ձեռք են բերել ամերիկացի հավաքորդները։ Ամենանշանակալից նմուշը մենք համարում ենք սկահակը, որը Ձերդ Մեծության գրասենյակի ռեեստրում գրանցված է որպես նվեր Նիկոլայ 2-րդից, սակայն այդպես էլ մնացել է պահեստում մինչև 1917-ի հեղափոխությունը»,- պատմել է Christie's-ի փոխնախագահ Մարկ Մերկեն։
Սկահակի նախնական գինը 150-250 հազ. դոլար է։
«Այս իրերը հետաքրքիր պատմություն ունեն։ Օրինակ՝ թանկարժեք քարերով պատված ոսկե զարդատուփը, որը Ֆաբերժեի աշխատանքն է, վերջին կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովայի կողմից նվիրվել է իր քրոջը՝ Պրուսիայի արքայադուստր Իրենեին։ Զարդատուփը գերմանական թագավորական ընտանիքի հավաքածուի մի մասն էր»,- ասել է Մերկեն։










