Սերգեյ Գալոյանը «Դեդ Հասանի» մասին գիրք է գրել, սակայն տպագրելու համար գումար չունի

14:25 • 15.04.13

Քրեագետ Սերգեյ Գալոյանը քրեական հեղինակություն, այս տարվա սկզբին Մոսկվայում սպանված Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մասին գիրք է գրել, որի հրատարակության համար դեռ ֆինանսական միջոցներ չունի, այս մասին նա հայտնեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
 

«Ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի մասին գրեցի, որովհետև նա սերտ կապերի մեջ էր հայերի հետ։ Նրա կինը շատ մտերիմ էր հայազգի քրեական հեղինակություն Ռաֆայել Բաղդասարյանի (Սվո Ռաֆ) հետ, և ամբողջ կյանքում իրար հետ սերտ կապերի մեջ են եղել։ Ուսոյանը Հայաստան է եկել հատուկ օրերի, որոնցից մեկը Ռաֆայելի մահվան օրն էր»,–ասաց նա։
 

Քրեագետն իր համար հերոսներ է ընտրում է այն մարդկանց, որոնք գտնվում են ծայրահեղ իրավիճակներում։ Եվ ինչպես ինքն ասաց, Ուսոյանը գտնվել է ամենածայրահեղ իրավիճակում։
 

«Սարսափելի անարգանք է մեռած մարդու նկատմամբ, երբ նրա դիակը Թբիլիսիի օդանավակայանը չի ընդունել, և նրան կրկին ետ են տարել։ Կապ չունի՝ ով է, նա մարդ էր, ում սպանել են»,– նշեց նա՝ ընդգծելով, որ ինքը չի իդեալականացնում իր հերոսներին, բայց կա մեկ ճշմարտություն. մարդը ծնվել է, ապրել է, և երբ սպանություն է լինում, ցանկացած դեպքում էլ ցավալի է։

Հեղինակի խոսքով՝ «Դեդ Հասանի» մասին պատմող գրքի մեջ ուսուցանող տարրեր կան, և ամեն ինչով հանդերձ, քրեական աշխարհի մասին իր գրած գրքերի գլխավոր միտքը այդ աշխարհից հեռու մնալն է։
 

«Այս գրքում մի դրվագ կա, երբ Ուսոյանի քրոջ որդին նրան ասել է, թե ինչ լավ է, որ այդքան հարստություն ունի, Ուսոյանն էլ տղային պատասխանել է, որ նա էլ կարող է ունենալ այդ ամենը, եթե մտնի այդ աշխարհ, սակայն ատրճանակի փողը նրա և հարազատների ծոծրակի հետևում միշտ կլինի»,– պատմեց Սերգեյ Գալոյանը։