Հրանուշ Հակոբյանն ընդունել է «X ֆակտոր» ծրագրի սփյուռքահայ մասնակիցներին
ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Շանթ» հեռուստաընկերության «X ֆակտոր» ծրագրի սփյուռքահայ մասնակիցների, ժյուրիի անդամների և պրոդյուսերների հետ, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը, որը տարիներ շարունակ տարբեր ձևաչափերով կազմակերպում է երիտասարդ տաղանդներ հայտնաբերելու մրցույթներ, որոնք այսօր արդեն համահայկական հնչողություն են ստացել, քանի որ դրանց մասնակցում են ոչ միայն հայաստանցի, այլև սփյուռքահայ տաղանդավոր երիտասարդներ:
Նախարարը ստեղծագործական հաջողություններ ցանկանալով երիտասարդ տաղանդներին, մասնավորապես մաղթել է, որ այսօրվա ելույթները սկիզբը լինեն այն մեծ բեմերի, որտեղ կկայանան նրանց մենահամերգները:
«Ու թող ձեզ ուղեկցեն հայ երգն ու երաժշտությունը: Հավատարի´մ մնացեք հայ մշակույթին ու արվեստին: Դուք դառնալու եք հայ արվեստի դեսպաններ և ձգտելու եք օտար երկրներում հայ պահել համայնքը: Համախմբելու եք երիտասարդներին, օգնելու եք նրանց պահպանել հայերենը»,– ասել է նա:
Հրանուշ Հակոբյանը ծրագրում ընդգրկված սփյուռքահայ երաժիշտներին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-24-ը Երևանում կայանալիք Համահայկական երիտասարդական համաժողովին:
Սայաթ Նովայի «Աշխարհս մե փանջարա է» երգի անզուգական կատարման համար Ռուխկյանների ընտանիքը մասնակիցներին Ասյա Բողոսյանին նվիրել էր նկարիչ Հրաչյա Ռուխկյանի գործերից մեկը՝ Սայաթ Նովայի դիմանկարը։
Ժյուրիի անդամները անաչառ աշխատանքի համար պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով: Պատվոգրերի են արժանացել ծրագրի մասնակից սփյուռքահայ երգիչներ Կարինե Թովմասյանը, Մարիա Կուրտիկյանը, Սանդուխտ Մաթևոսյանը, Ֆելիքս Ղարիբյանը, Մնացական Բրոսյանը, Մարիանա Շանոյանը:
Կատարումով հանդես է եկել «X ֆակտոր» ծրագրի մրցույթի վերջին մրցութային համերգներին հաղթանակի համար պայքարող մոսկվաբնակ Մարիաննա Շանոյանը:
Հանդիպման վերջում նախարարի պաշտոնակատարը սփյուռքահայ երիտասարդներին հորդորել է հայ մնալ օտար ափերում, պահպանել լեզուն, մշակույթը, անուն-ազգանունը և նշել. «Անուն-ազգանունը ազգի պատկանելության բանալին է: Իսկ դուք պետք է հպարտանաք մեր ազգով ու նրա հազարամյա պատմությամբ»:










