Ներկայացվել է Էլիզաբեթ թագուհի-մայրիկի առաջին ռուսալեզու կենսագրությունը
Լոնդոնում ներկայացվել է Մեծ Բրիտանիայի թագուհի-մայրիկ Էլիզաբեթի մասին կենսագրական գիրքը, որն առաջին անգամ գրվել է ռուսաց լեզվով, հայտնում է РИА Новости-ն։
«Ես պարզեցի, որ ռուսերենով ոչ մի գիրք չկա այդ նշանավոր կնոջ մասին։ Եվ 2002թ., երբ նա մահացավ 101 տարեկանում, ես որոշեցի լրացնել այդ բացը»,- ասել է «Դառնալ թագուհի» գրքի հեղինակ Նատալյա Կուլիշենկոն։
Նրա խոսքով՝ անգլալեզու կենսագրություններից իր ստեղծագործության հիմնական տարբերությունն այն է, որ Մեծ Բրիտանիայի թագուհու կյանքը նկարագրված է ռուս-բրիտանական հարաբերությունների համատեքստում, նախևառաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Գիրքը լույս է տեսել սահմանափակ քանակով՝ 500 օրինակ, սակայն հեղինակը հույս է հայտնել, որ մոտ ապագայում գիրքը կթարգմանվի անգլերեն։










