Հյուսիսկորեացի տղայի մասին վեպն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի
Ամերիկացի գրող Ադամ Ջոնսոնն արժանացել է գեղարվեստական գրականության ոլորտում Պուլիտցերյան մրցանակի՝ հյուսիսկորեացի տղայի կյանքի մասին պատմության համար, հայտնում է Russia Today-ը։
Հեղինակը որոշել է գիրքը գրել 2007թ. Հյուսիսային Կորեա կատարած այցից հետո։
«Որբերի տիրակալի որդին» գիրքը պատմում է մի տղայի մասին, ով ապրում է մանկատանը։ Ընդ որում՝ հաստատությունը ղեկավարում է հենց նրա հայրը։ Հետագայում երեխան անպիտան է թվում իշխանություններին։
Ժյուրին Ջոնսոնի գիրքն անվանել է «յուրահատուկ հմուտ վեպ, որն ընթերցողին ճամփորդության է տանում դեպի տոտալիտար Հյուսիսային Կորեայի խորքերը»։
Մրցանակը շնորհվել է մեկ տարվա ընդմիջումից հետո։ Նախորդ տարի մրցանակի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին այս անվանակարգում հաղթողի անուն չի նշել։
Դրամայի ժանրում մրցանակ է ստացել գրող Այադ Ախտարը։ Նրա «Վարկաբեկվածը» պիեսի հերոսը պակիստանցի փաստաբան է։
Ինչ վերաբերվում է լրագրության ոլորտում մրցանակներին, ապա չորս մրցանակ ստացել են The New York Times պարբերականի աշխատակիցները։ Մասնավորապես՝ մրցանակի է արժանացել Դևիդ Բարբոզան։










