Հայ նկարիչ ENDZA-ի կտավներն առաջին անգամ ցուցադրվել են Կրասնոդարում (տեսանյութ)

15:28 • 16.04.13

Endza ( Ընծա) կեղծանվամբ հանդես եկող հայ նկարիչ Գևորգ Բաբախանյանն առաջին անգամ իր աշխատանքներն է ներկայացրել ՌԴ Կրասնոդար քաղաքում, հայտնում է 9 tv.ru կայքը։

 

Արտասովոր ճակատագրի տեր նկարիչն իր կտավներում մարդկանց առաջարկում է խորհել կյանքի մասին և վերհիշել մանկությունը։

 

Endza-ն ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, Երուսաղեմի հոգևոր ճեմարանը, ինչից հետո նա ծառայել է որպես հոգևորական։ Այնուհետ նկարիչը մեկնել է Վենետիկ՝ գեղանկարչություն սովորելու։ Հենց այս հանգամանքներով էլ կարել է բացատրել նրա կտավներում հոգևոր թեմաների ու էքսպրեսիոնիզմի ելևէջները։

 

Առավել շատ Endza-ի վրա ազդեցություն է ունեցել իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանին։ Նկարչի աշխատանքների գլխավոր կերպարը փոքր տղան է՝ Endza-ն՝ մանուկ ժամանակ։

«Մենք այն ենք, ինչ եղել ենք մանուկ ժամանակ։ Այդ երեխան ինձ հանգիստ չի տալիս։ Նա ուզում է, որ ես նրան նկարեմ, որ չմոռանամ իրեն, չմոռանամ մանկությունը, քանի որ ամեն լավ բան այնտեղից է գալիս»,-ասել է Еndza-ն։

 

«Իմ աղոթքը» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի վերջ։ Տեսանյութը դիտեք այստեղ։