Կարեն Դեմիրճյանի 81-ամյակին ընդառաջ նրա կինը հրատարակել է «Հիշատակ» գիրքը
Հայ ականավոր քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի 81-ամյակի առիթով (լրանում է այսօր) նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, «Հիշատակ» վերնագրով գիրք է հրատարակել ամուսնու մասին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ դժվար էր գիրք գրել սեփական ամուսնու մասին ու վերապրել անցյալը:
«Կարեն Դեմիրճյանը մեծ բարոյականության տեր մարդ էր, լիներ դրսում, թե՛ ներսում, թե՛ ընկերների շրջանում: Եթե ասեմ լավն էր, ուշադիր էր ... ծեծված բառեր են, միայն կասեմ, որ նրա մեջ զուգակցվել էին դրական որակները՝ թե՛ մարդկային, թե՛ քաղաքական գործչի: Հենց սա է նրա ֆենոմենի բացատրություններից մեկը»,- ասաց նա՝ հիշեցնելով Կարեն Դեմիրճյանի մասին հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «Մարդ առանց արատների»:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանը 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձավ, որը տեղի ունեցավ Ազգային ժողովում՝ նիստի ժամանակ:
Ռիմա Դեմիրճյանը ընդգծեց, որ գիրքը գրելիս ինքը միանգամից մի քանի խնդիրների լուծման նպատակ էր դրել: Դրանցից մեկն այն էր, որ Կարեն Դեմիրճյանն ինքն էր մտադիր գրել հուշեր և այդ պատճառով տարբեր ժամանակներում որոշ մտքեր է շարադրել ու պահել, ինչն էլ պարտավորեցրել է իրեն այս գիրքը գրել:
«Դրանից առավել, ես ցանկանում էի, որպեսզի հայ մարդը ճանաչի Կարեն Դեմիրճյանին: Հայության մեծամասնությունը սիրում ու հարգում է, բայց շատ բաներ չգիտեն: Իհարկե, ամբողջ ճշմարտությունը նա իր հետ տարավ, բայց այն, ինչ ես գիտեի, պետք է հանձնեի պատմությանը, սերունդներին: Ես դա իրավունք չունեի տանել հետս»,- ասաց նա:
Ռիմա Դեմիրճյանի առաջնային նպատակն է եղել ցույց տալ, որ ժողովուրդը Կարեն Դեմիրճյանից կուռք չի դարձրել, այլ նրան բարձր է գնահատում հենց իր արածների համար:
«Սիրուն աչքերի համար չեն սիրում քաղաքական գործչին: Նա արժանի էր այդպիսի գնահատականի, նա վաստակել էր դա: Չնայած զրկանքներ շատ է կրել, բայց չի կոտրվել ու միշտ համարել է, որ մարդ մինչև վերջ պետք է ծառայի հայրենիքին»,- ասաց նա:
Ռիմա Դեմիրճյանը նշեց, որ գրքում ինքը Կարեն Դեմիրճյանի մահվան հանգամանքները նկարագրել է որպես սպանություն և ոչ թե որպես հեղափոխություն, ինչպես իր իսկ խոսքով՝ այդ ժամանակ ասում էին շատերը։ Նա նշեց, որ փաստերի բացակայության պատճառով ինքը երբևէ որևէ մեկին չի մեղադրել, բայց կարծում է, որ ահաբեկչությունն իրականացվել է դրսի հայ ուժերի կողմից:
«Ես ասել եմ սա Քոչարյանին, Ջհանգիրյանին, ասացի ոչ մի հեղաշրջում չկա, սպանություն է՝ լավ մտածված: Դա իմ համոզմունքն է, պնդել չեմ կարող, որևէ մեկին մեղադրել չեմ կարող: Իսկ իշխանությանը մեղադրելու համար փաստեր են պետք»,- ասաց նա:










