Մամուլի ազատության մրցանակին է արժանացել ազատազրկված եթովպացի լրագրողուհին

13:07 • 17.04.13

Մամուլի ազատության գործում ներդրման համար ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին է արժանացել եթովպացի լրագրողուհի Ռեյոթ Ալեմուն, ով դատապարտված է ահաբեկչության մեղադրանքով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ընկերության կայքը։

 

Միջազգային ժյուրին մրցանակն Ալեմուին է շնորհել նրա «բացառիկ խիզախության, դիմադրելու ունակության և խոսքի ազատության համար պայքարին հավատարիմ լինելու համար»։

 

Ժյուրիի անդամները նշել են նրա մեծ քանակությամբ հասարակական և քաղաքական թեմաներով քննադատական հրապարակումները, մասնավորապես՝ հոդվածներն աղքատության և սեռերի իրավահավասարության խնդիրների մասին։

 

32-ամյա Ռեյոթն աշխատել է մի քանի անկախ եթովպական պարբերականներում, մասնավորապես՝ իր իսկ կողմից հիմնադրված Change ամսագրում և Feteh ազգային թերթում, որտեղ գրել է ընդդիմության ակցիաների մասին։

 

2011թ. հունիսին Ալեմուն ձերբակալվել է. մեկ այլ լրագրողի հետ նրան մեղադրել են հեռախոսային և էլեկտրալարերը կտրելու փորձի համար։ 2012թ. դատարանը նրան մեղավոր է ճանաչել ահաբեկչության համար և դատապարտել 14 տարվա ազատազրկման։ Հետագայում լրագրողուհու փաստաբանին հաջողվել է ժամկետը կրճատել մինչև 5 տարի։

 

Գիլերմո Կանոյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ սկսած 1997-ից։ Մրցանակաբաշխությունը կայանում է յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը։