Ռեժիսոր Էրիկ Նազարյանը NAASR-ում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասաախոսություն կկարդա և կներկայացնի «Պոլիս» ֆիլմը

19:36 • 18.04.13

Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայում (NAASR, ԱՄՆ, Մասաչուսեթսի նահանգ, Բելմոնտ քաղաք) մայիսի 2-ին տեղի կունենա լոսանջելեսաբնակ հայ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմի ցուցադրությունը:

 

Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly պարբերականը, ֆիլմի ցուցադրությունից առաջ Նազարյանը Հայոց ցեղասպանության թեմային նվիրված դասախոսությամբ հանդես կգա («Խարխլված տեսարաններ. Կինոն կարո՞ղ է արդյոք կոտրել Հայոց ցեղասպանության մասին  կարծրատիպերը» խորագրով):


«Պոլիս» կարճամետրաժ ֆիլմի (տևողությունը՝ 20 րոպե) սյուժեն հետևյալն է. ուդի վարպետ, սփյուռքահայ երաժիշտ, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Արմենակ Մուրադյանը երաժշտական փառատոնի մասնակցելու նպատակով այցելում է Թուրքիայի Ստամբուլ քաղաք, որտեղից երաժշտի պապն ու նրա ընտանիքը Հայոց ցեղասպանության տարիներին (1915-1923թթ.) գաղթել էին:

 

Արմենակը Պոլիս է ժամանում (ստամբուլահայերը Ստամբուլը սովորաբար Պոլիս են անվանում, Կոստանդնուպոլիսն է, որը 1930 թ-ին վերանվել է Ստամբուլ) իրարամերժ զգացողություններով և իր պապի՝ 1909 թ-ի լուսանկարով: Պապից մնացած միակ այդ հուշի ետնամասում դեռևս պահպանված էր այն թաղամասի հասցեն, որում մինչև Հայոց ցեղասպանությունը, բնակվել էին Արմենակի նախնիները: Երաժիշտը որոշում է գտնել պապի ուդի խանութը, նրան պատկանած տունը... այդ փնտրտուքներով Արմենակը հանդիպում է տարեց թուրք մի կնոջ և, իր պապի կյանքի պատմության միջոցով, նրան ներկայացնում Հայոց ցեղասպանության պատմությունը...


Ֆիլմը 2012թ-ին արժանացել է  Լոս Անջելեսի Կինոյի, երաժշտության և արվեստի «Արփա» հիմնադրամի (ԱՄՆ) կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին, ներկայացվել ու ցուցադրվել է մի շարք կինոփառատոններում:


Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստանում, մեծացել, կրթություն է ստացել և այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում: Նա Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի և հեռուստատեսության դպրոցի շրջանավարտ է: