Տատն ամաչում էր, որ հայ է, մայրը՝ կաշկանդվում, նրանց ժառանգի համար հայկական արմատները հպարտություն են. մի կյանքի պատմություն

13:59 • 19.04.13

Միսսուրիի լրագրության դպրոցի (ԱՄՆ, Միսսուրիի նահանգ, Կոլումբիա քաղաք) ասպիրանտ Քևին Դոբոույսը ուշագրավ մի հոդված է հրապարակել անգլալեզու Armenian Weekly պարբերականում: Հայկական արմատներ ունեցող Քևինը դրանում ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը.  ընտանիք, որը Հայոց ցեղասպանության տարիներին (1915-1923թթ.) Թուրքիայից գաղթել էր Ֆրանսիա և հաջողության հասնելու համար հրաժարվել էր ոչ միայն հայկական ազգանվան «յան» վերջածանցից, այլև մոռացել հայկական ինքնությունը....


Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.



««Դու ավելի շատ հայ ես, քան ես»,- հաճախ էր ասում ինձ տատս, և նրա այդ խոսքերում հեգնանքի և զարմանքի երանգներ կային: Նա այդ մասին ինձ «հիշեցրեց» նաև մայիսյան մի առավոտ, երբ մենք խաղողի տերևների մեջ աղացած միս և սպիտակ բրինձ էինք լցնում հայկական ավանդական ուտեստ՝ տոլմա պատրաստելու համար:



Ոչ ոք չէր կարող կռահել, որ տատս հայ է: Նա կարճահասակ էր, նույնիսկ 70 տարեկանում շատ շարժուն և աշխույժ: Նա օգտագործում էր նարնջագույն-կարմիր շրթներկ, եղունգների կարմիր ներկ, կարճ սանրվածք ուներ, երիտասարդ հասակից փոխել էր մազերի գույնը և ձևը՝ դարձել էր շիկահեր: Իր հարևանների և ընկերների համար նա Ժենևին Թիջանն էր, ազգանունը չուներ հայկական ավանդական «յան» վերջածանցը: Բոլորի համար նա նրբաոճ ֆրանսիացի տիկին էր, և նա, ըստ էության, հենց այդպիսին էլ ցանկանում էր երևալ:



Բայց եթե մարդիկ ավելի ուշադիր նայեին նրան, ապա կնկատեին դեղնադարչնագույն մաշկն ու դարչնագույն մազարմատները: Բացի այդ, նա ֆրանսերեն  խոսելիս քերականական սխալներ էր թույլ տալիս, քանի որ ֆրանսերենը նրա առաջին լեզուն չէր...

 

Տատիս օրիորդական ազգանունը Կարապետյան էր, որը կրում էր այն վերջածանցը («յան»-ը), որը դարերի պատմություն ունի.... «Քո տատը երբեք էլ չի ընդունել իր ինքնությունը»-ասում էր մայրս, երբ նրան հարցնում էի, թե տատը ինչու՞ քեզ հայերեն չի սովորեցրել:


«Նրա համար հայ լինելն ամոթաբեր էր,-շարունակում էր մայրս:- Նա ցանկանում էր ֆրանսիացի լինել և ձգտում էր, որ ես էլ ֆրանսիացի լինեմ»:



Ժենիկ՝ ահա այսպես կկոչեին հայերը տատիս... նա ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում: Նրա ծնողները Մարսել էին գաղթել Թուրքիայից՝1920-ական թթ-ի սկզբին: Տատս մեծացել էր ներգաղթյալների համար նախատեսված աղքատ թաղամասում, որտեղ յուրաքանչյուրը մաքառում էր ֆրանսիական հասարակությանն ինտեգրվելու համար:



«Ֆրանսիացիները հայերին շատ չէին հարգում»,-դեմքի դժգոհ արտահայտությամբ հիշում էր տատս:


Տատս ֆրանսերեն սովորել էր դպրոցում, տանը  շփվելի էին հայերենով: Նրա լավագույն ընկերուհին հարևանի աղջիկն էր: Նրանք միասին տղաների հետ սիրախաղ էին արել, պարահանդեսներ այցելել: Երբ տատս 20 տարեկան էր դարձել, նա մազերի գույնը փոխել էր. դարձել էր շիկահեր, լքել էր ծնողների տունը և սկսել էր առանձին ապրել՝ իր ընտանիքին պատկանող նպարեղենի խանութի վերնահարկում:

 

24 տարեկանում տատս հանդիպել և ամուսնացել է Ժակ Թիջանի հետ, նա հայտնի էր նաև Հակոբ անունով, որը «Ժակ» անվան հայկական տարբերակն է: Նա Մարսել էր գաղթել Թուրքիայի Կայսերիի նահանգից. բախվել էր խտրականության և շատ դժվարությունների հանդիպել աշխատանք գտնելու ճանապարհին, քանի որ նա ընկալվում էր որպես օտարերկրացի:  Նախքան տատիս հետ հանդիպելը, նա փոխել էր իր ազգանունը (Չիվթչյանը դարձրել էր Թիջան), որպեսզի այն ֆրանսիականին ավելի մոտ լինի:  Տարիներ առաջ էր, երբ տատս ինձ խոստովանեց այդ մասին: Եվ դա ինձ ցավ պատճառեց…ինչպե՞ս պապս կարող էր հրաժարվել այդ վերջածանցից: Պատճառաբանությունը, իհարկե, պարզ էր.  նա ֆրանսիացիների համար «ընդունելի էր» իր ինքնության չափով, ինքնություն, որ հնագույններից և ամենահարուստներից է աշխարհում:



Ես մեր ընտանիքում դարձա ավելի շատ հայ, քան որևէ մեկը: Մայրս տատիս պես  միշտ ամաչել էր խոստովանել, որ հայ է: Ավելին, նա իր ինքնության մասին հետաքրքրվել էր բավականին ուշ: Ես սկսեցի հետաքրքրվել հայկական արմատներովս, երբ պապս մահացավ: Այդ ժամանակ ես 8 տարեկան էի: Հետաքրքրությունն ինձ դրդում էր տատիս տալ հարցեր, որոնց պատասխանը երբեք որևէ պատանի չէր ստանա... ընտանիքիս մասնագիտական հաջողությունները, մասնավոր կաթոլիկ դպրոցում մորս ստացած կրթությունը. այդ ամենին տատս ու պապս հասել էին՝ թաղելով իրենց ինքնությունը:


Ես  որևէ կերպ չէի հասկանում նրանց ամոթը, բայց նրանք բացատրում էին, թե ինչու են դա արել. նրանք ներգաղթյալներն էին և ֆրանսիական հասարակությունում կընդունվեին այնչափ, որչափ կձուլվեին և ֆրանսիացի կդառնային:

 

Ես սկսեցի բացահայտել իմ ընտանիքի այն կողմերը, որոնք ես չգիտեի. դա նման էր ինքս իմ անհայտ կողմերը բացահայտելուն: Այդ օրվանից ես ցանկանում էի իմանալ հայերի մասին ամեն ինչ, ցանկանում էի հայ լինել, բայց չգիտեի, թե ինչ է նշանակում հայ լինելը։  Իմ ինքնությունը սկսեցի բացահայտել ընթերցանության միջոցով, ուսումնասիրեցի Հայոց ցեղասպանության թեմայով գրականություն և պարզապես ցնցվեցի, երբ իմացա, որ իմ նախնիները ոչնչացվել են: Նախքան այդ ես գիտեի, որ նման բան միայն հրեաների նկատմամբ է իրականացվել (նկատի ունի հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին իրականացվել է Նացիստական Գերմանիայի կողմից-Tert.am). մեկուկես միլիոն հայ էր սպանվել Օսմանյան կայսրության կողմից, ներառյալ պապիս մորաքույրերը:

Ես հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ դիտեցի Հայոց ցեղասպանության թեմային նվիրված բացառիկ մի ֆիլմ՝ «Մայրիկը» (ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի կենսագրական ֆիլմը, նկարահանվել է 1991թ-ին-Tert.am), որը պատմում է Ցեղասպանությունից հետո Թուրքիայից Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի մասին: Դա իմ ընտանիքի պատմությունն էր, դա իմ պատմությունն էր...:  Հայկական ծագումս, վերջապես, հասկանալի դարձավ ինձ...


Ես մարդկանց պատմում էի, որ  հայկական արմատներ ունեմ և որ դա ինձ համար հպարտություն է, բայց ոչ ոք ինձ չէր հասկանում, չէին հասկանում, թե ինչ նկատի ունեմ: Ես ինձ մենակ էի զգում և ցանկանում էի գտել այնպիսի շրջապատ, որը գրկաբաց կընդուներ իմ ինքնությունը: Եվ երբ գնացի Փարիզ՝ Քաղաքագիտության ինստիտուտում ուսանելու, բնակություն հաստատեցի հայաշատ մի թաղամասում... Մտածում էի, որ մարդիկ այնտեղ  կընդունեն ինձ որպես յուրայինի և կհրավիրեն տոլմա ուտելու իրենց ընկերների ու ընտանիքի հետ. վերջապես ուսանելուս երկրորդ տարվա ընթացքում դա տեղի ունեցավ...



Մի անգամ եբրայագիտությանը նվիրված դասընթացի ժամանակ յուրաքանչյուրս պետք է ներկայացներ իրեն. «Ես Քևին Դոբոույսն եմ, ուսումնասիրում եմ քաղաքագիտություն»,-ասացի ես: Ես մյուսների համար տիպիկ ֆրանսիացի էի. ունեի ֆրանսիացի հայր, ֆրանսիական ազգանուն, և ոչ ոք չէր կարող մտածել, որ ինչ-որ բան «թաքցնում եմ»: Հանկարծ մեկ այլ երիտասարդ ոտքի կանգնեց և ներկայացավ. «Ես Արմենակ Թոքմաջյանն եմ, ապրում եմ Սիրիայում, բայց սիրտս պատկանում է Հայաստանին, որտեղ ծնվել եմ...»:  Եվ նա դա ասաց այնքան հպարտ և վստահ, որ ես հուզվեցի:



Դասաժամից հետո ես (հիմարաբար) հարցրի նրան` «Հա՞յ ես, որովհետև ես էլ եմ հայ»: Նա նայեց ինձ, մենք ժպտացինք և հասկացանք միմյանց:



6-ամսյա դասընթացի ժամանակ մենք շատ զրուցեցինք և միմյանց օգնեցինք ծանոթանալ հայկական մշակույթին: Մենք համընդհանուր շատ բան ունեինք. նա հայ էր Հայաստանից, բայց ապրում էր Սիրիայում, իսկ ես սփյուռքում ծնված  հայ եմ, որը բնակվում է Ֆրանսիայում….:

 

Հայկական ժառանգություն և արմատներ ունենալը շատ կարևոր է, սակայն այդ ամենն ապագա սերնդի համար պահպանելն ավելի կարևոր է : Ես այժմ ցանկանում եմ, որ այս սերունդը հարցեր ուղղի ինձ.  հարցնի ծիրանենու փայտից պատրաստվող փողային գործիք դուդուկի ջերմ ու մեղմ հնչյունների մասին: Ցանկանում եմ, որ հարցնեն Արարատ լեռան մասին, որը հայ ազգային ինքնության խորհրդանիշն է: Ես ուզում եմ, որ նրանք ինձ ասեն՝ «Ես ավելի շատ հայ եմ, քան դու»:
 

 

Տատն ամաչում էր, որ հայ է, մայրը՝ կաշկանդվում, նրանց ժառանգի համար հայկական արմատները հպարտություն են. մի կյանքի պատմություն