Լոնդոնում կայացել է «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը

17:51 • 19.04.13

Լոնդոնում ՀՀ դեսպանությունն ապրիլի 17-ին կազմակերպել է Ռուբեն Գալիչյանի «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը, տեղեկացնում է Արտգործնախարարության կայքը։

Շնորհանդեսին ներկա են եղել Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, գիտնականներ, ինչպես նաեւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել է «Թեքեյան» մշակութային միության, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Նոր Սերնդի մշակութային միության աջակցությամբ։
 

Շնորհանդեսը բացել է Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, ով անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քարոզչությանը, մասնավորապես, այդ երկրի իշխանությունների ցուցումով իրականացվող տարածաշրջանի պատմությունն աղավաղված մատուցելու քաղաքականությանը։

Իր խոսքում հեղինակ Ռուբեն Գալիչյանը համառոտ ներկայացրել է գրքի բովանդակությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Իրանի պատմության խեղաթյուրման ու սեփականաշնորհման փորձերին։