Երևանում տեղի է ունեցել Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսը
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում տեղի է ունեցել նույն ԲՈՒՀ-ի գեղագիտության, գեղանկարչության, գունանկարի և գծանկարի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի գեղանկարչական աշխատանքների հոբելյանական ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել է Երևանի քաղաքապետ, նույն բուհի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը։
Հրանտ Թադևոսյանի ծննդյան 75 ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Երևանի քաղաքապետը Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, դիտել ներկայացված աշխատանքները:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել հանդես գալ Հրանտ Թադևոսյանին Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին միջնորդությամբ:
Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը կգործի 10 օր:










