Վագների ծոռը կոմպոզիտորի մասին սկանդալային գիրք է գրում

10:56 • 19.04.13

Տաղանդավոր կոմպոզիտոր Ռիխարդ Վագների 200-ամյա հոբելյանի առթիվ կհրատարակվեն մի շարք գրքեր, սակայն դրանց շարքում առավել ուշագրավ կլինի հռչակավոր գերմանացու ծոռան՝ Գոտֆրիդ Վագների հեղինակած գիրքը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, այս ստեղծագործությունը լի է լինելու Վագների մասին բացահայտումներով, որոնք բավական բացասական երանգներ կհաղորդեն նրա հոբելյանին։

 

«Վագների աշխարհայացքը, որը, անշուշտ, ազդել է նրա կյանքի, օպերաների և մյուս ստեղծագործությունների վրա, ըստ իս, անհամատեղելի է մարդկային էթիկայի սկզբունքների հետ։ Այն լի է ռասիզմով, կանանց նկատմամբ արհամարհանքով, իր անձի պաշտամունքով և կյանքի հերքումով»,-գրում է Գոտֆրիդն իր հանճարեղ բարեկամի մասին։

 

Գոտֆրիդ Վագները միշտ էլ եղել է այս տոհմի վտարանդին. 1990-ական թվականների սկզբին գրած ինքնակենսագրական գրքում ՝ «Նա , ով չի ոռնում գայլերի հետ», նա իր ընտանիքին մեղադրել է նացիստական կապերը թաքցնելու փորձի համար։ Իսկ նոր գրքում («Իմ առաջ այլ աստվածներ չես ունենա. Ռիխարդ Վագներ՝ ականապատ դաշտ») նա կրկին վերադառնում է այս թեմային։

 

Սակայն այս անգամ նա ավելի հեռուն է գնում։ Նա քննադատում է Վագների աշխատանքներն ու կոմպոզիտորի էությունը.«Վագներն անդադար ուրիշներից փող էր վերցնում և անխնա ծախսում։ Որպեսզի ի ցույց դներ իր և իր գործերի աստվածայնությունը, նա ապրում էր ուրիշների հաշվին։ Նա մտածում էր միայն իր կարիերայի մասին, իսկ կանանցից ակնկալում էր միայն հնազանդություն»։