Թաիլանդում Ամանորի տոնակատարությունը վերածվել է յուրօրինակ «Վարդավառի» (լուսանկարներ)
Թաիլանդում Ամանորի ավանդական տոնակատարությունը, որը կոչվում է Songkran, չար բախտից ազատում և նոր սկիզբ է խորհրդանշում: Երիտասարդ սերունդը սովորության համաձայն օրհնություն է խնդրում ավագ սերնդից և օծված ջուր լցնում նրանց ձեռքերին՝ ի նշան հարգանքի: Այս մասին գրում է Business Insider-ը:
Ներկայում տոնն ամբողջովին վերածվել է ջրային պատերազմի: Մարդիկ փողոց են դուրս գալիս դույլերով և ջրային ատրճանակներով ու փորձում են ինչքան հնարավոր է շատ ջրել շրջապատի մարդկանց։
Թաիլանդը միակ երկիրը չէ, որտեղ անցկացվում է միմյանց վրա ջուր լցնելու ազգաին տոնակատարություն, սակայն այն ամենահայտնին է աշխարհում, կարծում է հոդվածագիրը: Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից գալիս են այստեղ, որպեսզի ներկա գտնվեն այս «վայրի և թաց» արարողությանը:
Այս տոնակատարությունը, սակայն, ցավալի կողմ էլ ունի. ճանապարհային վթարները գրեթե կրկնապատկվում են տարվա այս ժամանակահատվածում, քանի որ շատանում է հարբած վարորդների թիվը:










