«Չեզոք գոտի». ֆիլմ 1994-ին Ադրբեջանից հայ գերիների ազատագրման մասին (լուսանկարներ)
Նկարահանվել է 1994թ-ին հատուկ ջոկատի կողմից Ադրբեջանում գտվող հայ գերիների ազատագրման մասին պատմող ֆիլմ, որը կոչվում է «Չեզոք գոտի»:
Ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ֆիլմի անվանմանը պատմեց, որ հատուկ ջոկատը գերիներին ազատագրելիս դավաճանության հետևանքով հայտվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գտնվող չեզոք գոտում և հենց այստեղ են ընթանում ֆիլմի իրադարձությունները։
«Սա հոգեբանական թրեյլեր է և ավելի շատ միտված է մարդկանց մեջ ազգային ոգին բարձրացնելուն: Պատերազմական գործողությունների միջոցով ֆիլմը անդրադառնում է դավաճանությանը: Բայց այստեղ խոսքը միայն պատերազմի ժամանակ դավաճանության մասին չէ»,– ասաց նա:
«Ցանկացած մարդ, նույնիսկ եթե աղտոտում է իր շրջակա տարածքը, սա էլ է դավաճանություն, օրենք է խախտում՝ դավաճանություն է, դա այն է, ինչ խանգարում է վերելքի հասնել: Ես կարծում եմ, որ Սա այն է, ինչը միշտ խանգարել է հայերիս»,-ասաց նա և ավելացրեց, որ թեև վավերագրական կադրեր ֆիլմում չկան, բայց պատերազմական դրվագները հավաստի են:
Ֆիլմի գլխավոր հերոսների հատուկ ջոկատի հրամանատարի կերպարը մարմնավորում է Հովակ Գալոյանը, ով ցավով նշեց, որ ադրբեջանցիները Ղարաբաղյան պատերազմի մասին շատ ֆիլմեր ունեն նկարահանած՝ ի տարբերություն մեզ՝ հայերիս:
«Կարծում եմ, որ մեր պատմության այս դրվագի մասին շատ ֆիլմեր են անհրաժեշտ նկարահանել, քանի որ մենք հաղթանակած երկիր ենք: Իսկ հաղթանակած ժողովուրդը չի կարող իր հաղթանակի մասին ընդամենը մի քանի ֆիլմ ունենալ: Օրինակ՝ ռուսները Հայրենական պատերազմի մասին մինչ օրս ֆիլմ են նկարում ու հազար տարի հետո անգամ կնկարեն»,- ասաց նա:
Ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը տեղեկացրեց, որ ֆիլմի պատերազմական դրվագների նկարահանմանը մասնակցել են բազմաթիվ ազատամարտիկներ, որոնք դերասաններին սովորեցրել են ինչպես վարվել զենքերի հետ, իսկ դերասանները ազատամարտիկներին դերասանի վարպետություն:
Ֆիլմի բոլոր պատերազմական դրվագները նկարահանվել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղում: Նկարահանումներին աջակցել են Պաշտպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը:
Ռեժիսորը չցանկացավ ասել, թե որքան բյուջե ունի ֆիլմ, քանի որ նշեց, որ այն դեռ աճում է, սակայն ընդգծեց, որ եղած գումարները չեն խնայվել:
Ֆիլմը պրեմիերան նախատեսված է մայիսի 20-ից հետո:










