Քաշաթաղում պատմամշակութային շատ կոթողներ պահպանման կարիք ունեն. ահազանգ

14:56 • 20.04.13

Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրապ Ըռքոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց, որ Քաշաթաղի շրջանում գտնվող մի շարք պատմամշակութային կոթողներ այսօր բարվոք վիճակում չեն և պահպանության կարիք ունեն:

«Շրջանում կան հազարավոր պատմական հուշարձաններ, որոնք ամենալավ վավերագրերն են տարածքը հայկական լինելու մասին, և մեր պահանջն է, որ գոնե ամրացվեն դրանք, բայց հիմա ոչինչ չի արվում»,- ասաց նա։


Առավել վատ վիճակում գտնվող հուշարձաններից Զոհրապ Ըռքոյանն առանձնացրեց Մկնատամի խաչը, 9–րդ դարից պահպանված Վարազգոմի վանքը, որոնք բացառիկ կառույցներ են և պետք է վերականգնվեն:


«Պետք է գոնե ամրացվեն այդ շինությունները, բացի դրանից կան 18–րդ դարի եկեղեցիներ, որոնք նույնպես ունեն նորոգման կարիք»,–ասաց նա և ավելացրեց, որ կան նաև ժայռափոր եկեղեցիներ, որոնց համար ընդամենը փոքր ծավալի ներդրումներ են պետք: