Լույս է տեսել «Հայերը և թուրքերը» գրքի անգլերեն տարբերակը

08:44 • 22.04.13

Ապրիլ 24-ի նախօրեին լույս է ընծայվել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի անգլերեն հատորը:


Հեղինակի տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մեկ տարի առաջ գիրքը լույս էր տեսել արևմտահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ Բեյրութում, ապա Երևանում՝ արևելահայերենով:


Գիրքը լույս է ընծայել «Լուսակն» հրատարակչությունը։ Աշխատության խմբագիրը Նարեկ Սեֆերյանն է, թարգմանիչները՝ Հեղինար Մելքոմյանն ու Հրանտ Կատարիկյանը:


«Հայերը և թուրքերը» անգլերեն հատորի առաջաբանում գրքի մասին կարծիքներ են ներկայացրել Հայաստանի նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանn ու Վարդան Օսկանյանը, ինչպես նաև պատմաբան, հետազոտողներ Վիգեն Չեթերյանը (Ժնև), Արա Սանջյանը (Միչիգան) և Գևորգ Յազըճյանը (Բեյրութ-Երևան):


Թաթուլ Հակոբյանի առաջին գիրքը՝ «Կանաչ ու սև. արցախյան օրագիր», 2008-ից ի վեր ունեցել է ութ հրատարակություն, թարգմանվել ռուսերեն, անգլերեն, արևմտահայերեն, գերմաներեն, թուրքերեն և արաբերեն:


Թաթուլ Հակոբյանը աշխատում է իր երրորդ գրքի վրա, որը կրում է «Հայաստանը 88-ից հետո. ավտորիտարիզմի և ժողովրդավարության փակուղում» պայմանական վերնագիրը: Այն լույս կտեսնի 2015 թվականին: