Ռեժիսոր Լարս ֆոն Թրիերն այլևս «պերսոնա նոն գրատա» չէ Կաննի փառատոնում
Ռեժիսոր Լարս ֆոն Թրիերն այլևս «պերսոնա նոն գրատա» չէ Կաննի կինոփառատոնում. նման որոշում է կայացրել Կաննի կինոփառատոնի ղեկավարությունը, գրում է Lenta.ru-ն՝ Screen Daily-ին հղումով։ Նա 2011թ.-ին հեռացվել էր կինոֆորումից՝ մամուլի ասուլիսի ընթացքում իրեն նացիստ համարելու համար։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Տյերի Ֆրեմոն հայտարարել է, որ ֆոն Թրիերին «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել ոչ թե ընդմիշտ, այլ միայն 2011թ.-ի համար, երբ տեղի էր ունեցել սկանդալը։
Ֆրեմոյի խոսքով՝ նա դեռ չի տեսել ֆոն Թրիերի նոր ֆիլմը, քանի որ ռեժիսորը դեռ չի ավարտել այն։ «Եթե նա բերի մեզ իր նոր ֆիլմը փառատոնի ընթացքում ցուցադրելու համար, մենք, իհարկե, կքննարկենք այդ առաջարկը»,-ասել է Ֆրեմոն։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ռեժիսորի նոր ֆիլմը կմասնակցի Կաննի փառատոնին, սակայն հետո պարզ էր դարձել, որ ֆոն Թրիերը չի հասցրել ավարտել ֆիլմը։
Կաննի 66-րդ փառատոնը տեղի է ունենալու մայիսի 15-26-ը։










