Լոնդոնում առաջին անգամ կշնորհվի Միջազգային օպերային մրցանակը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Hilton հյուրանոցում այսօր կկայանա առաջին Միջազգային օպերային մրցանակաբաշխությունը (International Opera Awards), հայտնում է newsru.com-ը։
«Օսկարի» օպերային կրկնօրինակը, ինչպես մրցանակն անվանում են լրագրողները, կշնորհվի ավելի քան 20 անվանակարգերում, որոնցում հաղթելու համար կմրցեն ինչպես նվագախմբեր, այնպես էլ առանձին կատարողներ, երգահաններ և օպերային արվեստի այլ գործիչներ՝ ընդամենը 1.500 հավակնորդ 40 երկրից։
Միջազգային օպերային մրցանակը կշնորհվի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն երգչախումբ», «Լավագույն օպերային նվագախումբ», «Լավագույն երիտասարդ կատարող», «Ամենահասանելի թատրոն», «Լավագույն երգիչ», «Լավագույն երգչուհի», «Լավագույն ալբոմ», «Լավագույն դիրիժոր», «Լավագույն հովանավոր», «Լավագույն համաշխարհային պրեմիերա» և այլն։
Ինչպես նշել է ժյուրիի անդամներից EMI Classic ձայնագրման ընկերության նախկին ղեկավար Փեթեր Օլուորդը, «օպերան արվեստի հիմնական տեսակներից է, և մենք պետք է համապատասխան ձևով վերաբերվենք նրան»։
Ի տարբերություն կինոյի, թատրոնի և արվեստի այլ տեսակների՝ օպերան մինչ այժմ չուներ որևէ մրցանակ։ Միայն 2012թ. հիմնվում է Միջազգային օպերային մրցանակը՝ շնորհիվ «Օպերա» ամսագրի խմբագիր Ջոն Էլիսոնի և խոշոր գործարար, բարերար և օպերային ժանրի մեծ սիրահար Հարի Հայմենի։










