«Հոշոտված Հայաստան» և «Հայոց Ցեղասպանությունը շվեդների աչքերով» գրքերը՝ ընթերցողի սեղանին

19:52 • 23.04.13

«Ամերիա» ընկերությունների խմբի հովանավորությամբ հրատարակվել են «Հոշոտված Հայաստան» և «Հայոց Ցեղասպանությունը շվեդների աչքերով» անգլիալեզու գրքերը, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։ 


Առաջին գիրքը Մեծ Եղեռնից մազապուրծ եղած Ավրորա Մարդիգանյանի կյանքի իրական պատմությունն է. ինչպես է նա տարբեր փաշաների հարեմներից մազապուրծ եղել, ինչպես է կորցրել ծնողներին, քույրերին ու եղբայրներին և Զորավար Անդրանիկի հովանավորությամբ գաղթել Թիֆլիս, ապա Նորվեգիա, այնուհետև տեղափոխվել Նյու-Յորք։


Երկրորդ գրքի հեղինակը Ուպպսալա համալսարանի Միսիոներական ուսմունքների դոցենտ, «Շվեդական եկեղեցի» հանդեսի գլխավոր խմբագիր Գորան Գոներն է, ով ներկայացրել է սկանդինավյան միսիոներ կանանց տեսանկյունը 20-րդ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին։ Սկանդինավյան պետությունները մշտապես չեզոք դիրք են գրավել այդ դեպքերի առնչությամբ, և այս գրքում առաջին անգամ ներկայացվում է 1919-1922 թվականների իրադարձությունների վերաբերյալ նրանց դիրքորոշումները։


Հեղինակն իր գրքում մեջբերում է շվեդ դիվանագետների հեղինակած մի շարք հաշվետվություններ, ականատեսների վկայություններ և մամուլի հաղորդագրություններ։ Գրքում ներառված են Շվեդիայի խորհրդարանում տեղի ունեցած՝ Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանավեճի մանրամասները և շվեդ հասարակության դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ։ Գիրքն առաջին անգամ լույս է տեսել Շվեդիայում, 2012թ.-ին։ 


Գրքերի շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց 1919թ.-ին նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմից հատված՝ Ավրորա Մարդիգանյանի գլխավոր դերակատարությամբ, որը հնարավոր է եղել փրկել «Universal Studios»-ի արխիվներից։
Շնորհանդեսին ներկա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացնելով ֆիլմը՝ ասաց, որ այն մեծ ընդունելություն է գտել Հոլիվուդում։ «Այս ֆիլմը, Ավրորայի խիզախությունը, նրա արարքը իրոք ուսանելի է, այս պատմությունը պետք է փորձենք օգտագործել սերունդ կրթելու մեջ»,-ասաց նա։