Քյոլնում մեկնարկել է Art Cologne-2013 արվեստի տոնավաճառը
Աշխարհի հնագույն արվեստի տոնավաճառներից մեկը՝ Art Cologne-ն, իր երկրորդ երիտասարդությունն է ապրում: Այս տարի այն անցկացվում է 47-րդ անգամ, որին մասնակցում են 200 պատկերասրահներ 25 երկրներից, գրում է rbc.ru-ն:

Art Cologne տոնավաճառում ներկայացված են XX-XXI դդ. արվեստի լավագույն ավանդույթները:

Այս տարվա լավագույն ցուցանմուշներից են Էռնստ Լյուդվիգ Կիրխների «Փողոցի տեսարանը վարսավիրանոցից» (3,7 մլն եվրո) և Պաբլո Պիկասսոյի «Տղամարդու գլուխը» (3,2 մլն եվրո) կտավները:

Գնորդների շարքում են խոշոր գերմանացի կոլեկցիոներներ, ուսանողներ, լրագրողներ և թանգարանների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, այս տարի վաճառքի ցուցանիշներում թանգարանների մասնաբաժինը անհամեմատ մեծ է: Որպես օրինակ, միայն Քյոլնի թանգարանի գնումներն այս տարի կազմել են 1 մլն եվրո:

Այս տարի տոնավաճառի հատուկ հյուրերի շարքում էին նկարչուհի Կատարինա Գրոսսեն և կոլեկցիոներ Յուլիա Ստոշեկը, ովքեր Art Cologne – 2013-ին ներկայացրել են իրենց անհատական ցուցանմուշները:










