Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրեց շուրջ քսանհինգ հատոր գրքեր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախասրահում այսօր տեղի ունեցավ վերջին հինգ տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակված շուրջ 25 հատորների ցուցահանդես:
Ներկայացված հատորները ներառում են ինչպես վերահրատարակված և թարգմանված սկզբնաղբյուրային գրականություն, այնպես էլ ՀՑԹԻ գիտաշխատողների մենագրությունները:
Ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ գրահրատարակչությունը հանդիսանում է ՀՑԹԻ ռազմավարության կարևորագույն մասը և ընդգծեց, որ որդեգրած ռազմավարությունը ենթադրում է նաև կոթողային աշխատանքների ներկայացում:
Հայկ Դեմոյանը հատուկ ուշադրության արժանացրեց վերջերս հրատարակված Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» գիրքը, որն անգլերենից թարգմանել է Լիլիթ Թութխալյանը:
«Գիրքը անցայլ տարի լույս տեսավ թուրքերենով և դարձավ բախումների արդյունք: Դրանց իմաստը հետևյալն է՝ արդյոք Սարգիս Թորոսյանը իրական կերպար է, թե՝ լավ հորինված պատմություն: Պատմաբաններից ոմանք նշում են, որ Սարգիս Թորոսյանը հնարովի կերպար է, մյուսները ասում են, որ չէր կարող հայ զինվորականը այդպիսի մեծ քաջագործություններ անել: Այս քննարկումների պատճառն այն է, որ Սարգիս Թորոսյանի կերպարը որոշակիորեն նսեմացնում է Մուստաֆա Քեմալին»,- ասաց նա և նշեց, որ գիրքը իր կարդացած լավագույն հինգ գրքերից մեկն է:
Գրքի ագլերեն թարգմանության հեղինակ Լիլիթ Թութխալյանը նշեց, որ նման գրքերի հրատարակումը կարևոր է նրանով, որ բացահայտում են Ցեղասպանության մեզ դեռևս անհայտ էջերը:
«Իսկ դրա կարևորությունը կարծեմ դժվար է չգերագնահատել: Յուրաքանչյուր այսպիսի գիրք մի քայլ է դեպի մեր ընդհանուր մեծ հաղթանակ, այն է` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում ու հատուցում: Այս գործը պետք է անենք միասին»,- ասաց նա:
«Ճանաչում և դատապարտում» աշխատության հեղինակը Մելինե Անումյանը նշեց, որ գիրքը ներկայացնում է 1919, 1920, 1921 և 1926թթ-ին Թուրքիայում տեղի ունեցած դատավարությունները Հայոց ցեղասպանության մասին:
«Վերջերս պատմագրության մեջ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ Հայոց ցեղասպանությունն իրականում առաջինը ճանաչած երկիրը ոչ թե Ուրուգվայն է, այլ Թուրքիան: Ինչպես նշում է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը, պետք է ընդունել, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտեց ոճրագործներին Օսմանյան Թուրքիան»,- ասաց նա և նշեց, որ գիրքը կարևորվում է նաև նոր փաստաթղթերի ներկայացմամբ, հատկապես օսմանյան փաստաթղթերի:










