Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքը պատրաստ կլինի 2015-ին. Հայկ Դեմոյան

15:06 • 23.04.13

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) անմիջապես կողքին շարունակում են ընթանալ նոր մասնաշենքի մեծածավալ շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում երկու անգամ կընդլայնվի թանգարանի նոր մասնաշենքը, որը պատրաստ կլինի 2015-ին, այս մասին այսօր հայտարարեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը թանգարանում տեղի ունեցած տարեկան հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ:


Նա նշեց, որ 2.5 անգամ մեծացվելու է նաև բուն ցուցադրական մակերեսը։ «Սա ուղղակի թվեր չեն: Այս ամենը ենթադրում է երկար, տաժանակիր աշխատանք, քանի որ մենք մեր ցուցադրությունը պատրաստում ենք բացարձակապես նոր հայեցակարգի հիման վրա, և Հայաստանում ներդրվլու է նոր թանգարանային մշակույթ»,- ասաց նա և վստահեցրեց, որ նոր ցուցադրությունը հագեցած է լինելու թանգարանային նորագույն տեխնոլոգիանրով:


Հայկ Դեմոյանը նշեց, որ համաշխարհային պրակտիկայում նոր թանգարան ստեղծելու համար առնվազն 8-10 տարի է անհրաժեշտ, սակայն շինարարակական աշխատանքները սկսվել են 3-4 տարվա ընթացքում ավարտելու նպատակով:


«Հավաստիացնում եմ, որ 2015թ-ին թանգարանը ներկայանալի կլինի նոր ցուցադրությամբ և ամբողջովին պատրաստ կլինի 100-ամյակին ներկայանալ հանրությանը»,– ասաց նա:


ՀՑԹԻ տնօրենն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության թեման ներկայացվելու է նորովի՝ բացարձակապես նոր նյութերի հիման վրա, որոնք լրջորեն փոխելու են մեր պատկերացումները, ընկալումները և գիտելիքները Հայոց ցեղասպանության մասին:


«Սա դառնալու է լուրջ գործիք` մեր թանգարանի առաքելության միջազգային ճանաչման և իրազեկման առումով: Մասնաշենքերից եկուսը գրեթե պատրաստ են, և տարվա վերջում նախատեսվում է ավարտել հիմնական շինարարական աշխատանքները, որից հետո կսկվի երկրորդ փուլը, որը ենթադրում է շենքի ներսում հիմնանորոգում և մասնաշենքի նոր ցուցադրական ծավալների պատրաստում»,– ասաց նա:


«Այս ամենի արդյունքում մենք կունենանք բավական ընդարձակ ժամանակավոր ցուցասրահ, որը հնարավորություն կտա թե՛ պատրաստել մեծ ցուցադրություններ, թե՛ ներկայացնել արտասահմանից բերված ցուցադրություններ»,- ասաց Հայկ Դեմոյանը: