Ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևորագույն միջոցառումներից մեկը թանգարանի նոր մասնաշենքի բացումն է. Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կարևորագույն միջոցառումներից մեկը համարում է թանգարանի ընդարձակումը, այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Նա ցավով նշեց, որ այն միակ թանգարանն է, որից, երբեմն, հանրությունը ավելի շատ բան է պահանջում, քան դա հնարավոր է:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին, Հայկ Դեմոյանը նշեց, որ հարցի մասին խոսելիս պետք է հաշվի առնել երկու հանգամանք՝ տեսանելի մասը և անտեսանելին:
«Տեսանելին դա ճանաչումներն են, քննարկումներն են, հոդվածներն են, բայց կա նաև երկարաժամկետ աշխատանք, որմ իր արդյունքը պետք է բերի ոչ միայն 2015 թ-ին: Մենք այդ աշխատանքներն իրականացնելու համար անցկացնում ենք համապատասխան քննարկումներ նաև պետական հանձնաժողովի նիստերի ժամանակ: Մայիսի 30-ին տեղի կունենա հերթական՝ թվով 3-րդ նիստը, որտեղ կլինեն կոնկրետ հանձնարարականներ կոնկրետ ուղղությունների վերաբերյալ»,- ասաց նա:
Հայկ Դեմոյանը կարևորեց այլ երկրների դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները և այդ թեմայով ապրիլին առանձին դասընթացի անցկացումը: Դրա համար, նա ընդգծեց, որ հայաստանյան համապատասխան գերատեսչությունները պետք է ուշադրության կենտրոնում պահեն հարցը:
«Սա, թերևս, ամենակարևոր հանգամանքն է, որը մինչ օրս ուշադրությունից դուրս է մնացել: Մյուս հարցն այն է, որ Թուրքիայի պաշտոնյանները, այցելելով այն երկրները, որտեղ տեղի է ունեցել պաշտոնական ճանաչում կամ հարցը գոնե սաղմնային վիճակում է գտնվում, զավեշտային, բանալ, առևտրական գործարքներ առաջարկելով փորձում են լռեցնել կրակակետը: Սա իրենց ժխտողական քաղաքականության նոր ձևն է, ինչի դեմ մենք պետք է աշխատենք»,-ասաց նա։
Հարցին, թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ընդունումից հետո, իրավական ինչ ընթացակարգեր պետք է կիրառվեն, Հայկ Դեմոյանը պատասխանեց՝ ասելով, թե հայությանը ֆորմալ զղջում հարկավոր չէ:
«Մեզ պետք է որ Թուրքիան, առերեսվելով պատմության հետ, նախ ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ իրագործած հանցագործության համար և դրան պետք է հետևի 2-րդ դրվագը. Թուրքիան պետք է հաշվի առնի, որ գոյություն ունի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հրամայական, իսկ դա առանձին բանակցությունների փուլ է»,- ասաց նա:
«Օրակարգում թե ինչ կլինի, դա քննարկման աշխատանք է: Բայց մեզ համար գլխավոր հետևանքը մեր հայրենիքի նկատմամբ օրինական իրավունքների վերականգնումն է: Ցեղասպանության հետևանքը հայերի զրկումն է սեփական հայրենիքի նկատմամբ իրավունքից, որը պետք է վերականգնել»,-ավելացրեց Հայկ Դեմոյանը։










