700 կյանքի պատմություն` «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գրքում

13:28 • 23.04.13

Բանահավաք Վերժինե Սվազլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր` «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գիրքը, որը հրատարակվել է հայերեն և անգլերեն։ Հեղինակը տեղեկացրեց, որ շուտով լույս կտեսնի նաև գրքի թուրքերեն տարբերակը։


«Այստեղ ամփոփված է 700 կյանքի պատմություն, չնայած հազարավոր պատմություններ եմ լսել, մեկը մյուսից ահասարսուռ, բայց սահմանափակվեցի դրանցից 700-ի մասին գրքում ներկայացնելով։ Բացի այդ պատմություններից, գրքում տեղ են գտել նաև ամփոփումներ 7 լեզուներով, աշխարհին ներկայացնելն է կարևորը»,- ասաց նա։


Վերժինե Սվազլյանը նշեց, որ ինքը Հայոց ցեղասպանության թեմայով աշխատում է ավելի քան 55 տարի։ «Վերապրածների այս թեմայով սկսել եմ գրի առնել, հավաքել ոչ միայն Հայաստանի տարբեր շրջաններից, այլև Լիբանանի, Սիրիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի հայ համայնքներից, ուր եղել եմ ծերանոցներում»,- պատմեց բանահավաքը։


Վերժինե Սվազլյանը նկատեց, որ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ ուսումնասիրություններ են լույս տեսել, սակայն խիստ կարևոր են ականատես վերապրողների վկայությունները։ «Ովքեր տեսել և զգացել են այդ բոլոր տառապանքները, և իրենք պետք է խոսեն այդ ամենի մասին։ Իրավաբանական տեսակետից ականատես վերապրողների հաղորդած վկայությունները նույնքան կարևոր են, որքան դատավարությանը վկաների ցուցմունքները»,- նշեց նա։


Բանահավաքը նշեց, որ գրքում ընդգրկված են նաև Գրիգոր Զոհրապի աղջկա՝ Կլարա Զոհրապի հուշերը։