Այսօր Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է

10:58 • 23.04.13

Համաշխարհային գրականության համար խորհրդանշական այս օրը՝ ապրիլի 23-ը, առիթ է հանդիսացել Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա (World Book and Copyright Day) հռչակման համար, հայտնում է calend.ru-ն։

 

1616թ. այս օրը կյանքից հեռացել են Միգել դե Սերվանտեսը, Ուիլյամ Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան։ Այս օրը նաև այնպիսի հայտնի հեղինակների ծննդյան կամ մահվան օրն է, ինչպիսիք են՝ Մորիս Դրյուոնը, Հալդոուր Լակսնեսը և Մանուել Մեխիա Վալյեխոն։


1995-ին ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Փարիզում անցկացվող Գերագույն համաժողովում որոշվել է հարգանքի տուրք մատուցել գրքերին և հեղինակներին՝ կոչ անելով բոլորին, և հատկապես երիտասարդությանը, հաճույք ստանալ ընթերցանությունից և հարգել այն մարդկանց անփոխարինելի ներդրումը, ովքեր աջակցել են մարդկության սոցիալական և մշակութային զարգացմանը։

 

Այդ ժամանակ էլ հռչակվում է Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը՝ մանկական և պատանեկան գրականությունում հանդուրժողականություն քարոզելու համար։