Հայ բարերար Միքայել Արամյանցի 170–ամյակի կապակցությամբ կանցկացվեն միջոցառումների շարք

13:01 • 25.04.13

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը այսօր կայացած ասուլիսին խոսեց հայազգի բարերար Միքայել Արամյանցի մասին՝ հիշեցնելով, որ մայիսի 4-ին լրանում է «հայ գործարարության և բարերարության պատմությունում ոսկե տառերով գրված» Արամյանցի 170–ամյակը։ «Կազմակերպել ենք նրան նվիրված միջոցառումների շարք, որը կմեկնարկի մայիսի 1-ին՝ Արցախում։ Քյաթուկում կսկսվեն միջոցառումները, հետո Շուշիում, և հանդիպումներ կլինեն ԼՂ պաշտոնատար անձանց հետ»,– ասաց նա՝ նշելով, որ Արամյանցը ծնվել է Արցախի Քյաթուկ գյուղում, և դրանով է պայմանավորված միջոցառումներն այնտեղ անցկացնելու որոշումը։


Խոսելով Արամյանցի բարեգործության մասին՝ Սերգո Երիցյանը նշեց, որ հենց նրա տանն է հռչակվել Հայաստանի առաջին հանրապետությունը Թբիլիսիում։ Նա Թբիլիսիի Հայ բարեգործական ընկերության անդամ էր և ընկերության շրջանակներում բազմաթիվ էին նրա կատարած նվիրատվություններն ու դրամական օժանդակությունները։


Արամյանցի մասին գիրք է գրել պատմաբան Վահե Աթանեսյանը, ով ասուլիսի ժամանակ ասաց, որ մենք ունենք 2000 տարվա բարերության պատմություն, բայց այսօր չունենք հայ բարերարի օր։ «Անձամբ Միքայել Արամյանցը ստեղծել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք մինչ այսօր օգտագործում են մարդիկ, գաղթականների համայնք է ստեղծել, և այս միջոցառումները փոքրիկ միջոցներ են արժևորելու նրա կյանքն ու գործունեությունը»,– ասաց նա։