Հայաստանում մեկնարկում են լեհական օրեր, կցուցադրվեն նաև ժամանակակից լեհական ֆիլմեր

15:52 • 25.04.13

Հայաստանում այսօրվանից մեկնարկում են լեհական օրեր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ով նաև տեղեկացրեց, որ դրանք կտևեն մինչև հունիս 4-ը։


Դեսպանի խոսքով՝ լեհական օրերը Հայաստանում արդեն ամենամյա բնույթ են կրում և այս տարի դրանք կվերաբերեն թատրոնին, երաժշտությանը և կինոյին։


«Նախորդ տարի վերաբերում էր գրականությանը, գրքի 500-ամյակին, այս տարի վերաբերելու են թատրոնին, կինոյին և երաժշտությանը»,- ասաց նա։


Դեսպանը նաև հիշեցրեց, որ այս տարի «Արմմոնո» փառատոնի շրջանակներում լեհական ներկայացումներ են ցուցադրվել, որոնք նաև կներկայացվեն Հայաստանում լեհական օրերի շրջանակներում։


Զդիսլավ Ռաչինսկին տեղեկացրեց, որ նախատեսվում է ժամանակակից լեհական ֆիլմերի ցուցադրում, ինչպես նաև լեհ երաժիշտների ստեղծագործություններ ու ներկայացումներ։


Բոլոր միջոցառումներին մուտքն անվճար է։