Կայացավ Սերժ Ավետիքյանի «Անուշ»-ի գլխավոր փորձը
Սունդուկյանի անվան մայր թատրոնում կայացավ ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Անուշ» օպերայի գլխավոր փորձը` վաղվա պրեմիերայից առաջ: Իրենք` հայ-ֆրանսիական այս նախագծի վրա աշխատողները, բեմադրությունն անվանել են «այս գարնան գլխավոր (մշակութային) իրադարձություն»:
Այս պրեմիերան թերևս ամենասպասվածներից է և արդեն իսկ գլխավոր փորձից հետո, որի ժամանակ էլ դահլիճը լեփ-լեցուն էր, բուռն քննարկումների տեղիք է տվել: Ստեղծագործական խումբը նշում է, որ սա օպերա է «Ա. Տիգրանյանի օպերայի հիման վրա»:
Ավետիքյանի «Անուշի» բուն պրեմիերան Երևանում տեղի կունենա ապրիլի 26-ին, ապա կլինի ևս 3 ներկայացում` ապրիլի 27-ին, ապա մայիսի 3-ին և 4-ին: Ի դեպ, ի սկբանե Ավետիքյանը նախատեսում էր պրեմիերան կատարել Ֆրանսիայում:
Նախագծի հեղինակները «Անուշ» օպերայի նոր բեմականացման և երաժշտության վերամշակման համար անդրադարձել են օպերայի առաջին նոտագրությանը, որի բնօրինակը պահվում է Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում:
Նախագծի պրոդյուսերն է Իրինա Իգիթխանյանը: Դերերում` Անուշ` Սոֆյա Սայադյան, Սարո` Լիպարիտ Ավետիսյան, Մոսի` Գուրգեն Բավեյան: Բեմում հանդես են գալիս 15 երաժիշտներ, «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղղեկ և խմբավար` Սոնա Հովհաննիսյան): Բեմադրություն և լիբրետոյի ադապտացիա՝ Սերժ Ավետիքյան, բեմի ձևավորում, հագուստներ, խորեոգրաֆիա՝ Նիկոլյա Մյուզեն, գործիքավորում և երաժշտության վերամշակում՝ Անահիտ Սիմոնյան, դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան, լուսային ձևավորում՝ Ժան-Մարկ Սկաչկո:










