Պոլսահայ լուսանկարիչը պատմել է հայ լինելը թաքցնելու, ինչպես նաև Սոֆի Լորենի և Պիկասոյի հետ հանդիպումների մանրամասները

16:52 • 26.04.13

Աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը համարվող պոլսահայ Արա Գյուլերը Haberturk-ին տված հարցազրույցում պատմել է, որ ինքը հայ հարուստ մի ընտանիքի զավակ է եղել, սակայն թաքցրել է անունը։

 

«Հայ լինելու պատճառով ձեզ անհանգստացնո՞ւմ էին» հարցին նա պատասխանել է. «Ո՛չ։ Այնպես չէ, որ բոլորը գիտեին, որ հայ եմ։ Սա տարօրինակ երկիր է։ Տականքները շատ են, կխանգարեին։ Թե չէ՝ ես այստեղի ամենաբնիկներից եմ»։


Գյուլերը պատմել է նաև իր կարիերայի ընթացքում ամենաանմոռանալի պահերի մասին։


«Տասը տարի Կաննի փառատոնին գնացի, շատ բաներ տեսա։ Սոֆի Լորենին գիտեք, չէ՞։ Մի անգամ տեսա, որ նա վերելակ է մտնում, և ինքս էլ վերելակ նստեցի։ Հյուրանոցի սենյակի մեջտեղում մահճակալ տեսա։ Կինը հոգնած էր։ Կոշիկները հանեց և նստեց մահճակալին։ Հարցրեցի՝ կարո՞ղ եմ լուսանկարել։ Երբ թույլ տվեց, մի քանի նկար արեցի և Թուրքիա ուղարկեցի։ Այստեղ պաստառներ էին պատրաստել՝ «Մեր թղթակից Արա Գյուլերը՝ Սոֆի Լորենի ննջարանում»։ Բա դա անելո՞ւ բան էր»,-ասել է Գյուլերը։

 

Պոլսահայ լուսանկարիչը պատմել է նաև հանրահայտ նկարիչ Պիկասոյի հետ իր հանդիպման մասին։


«Շատ փորձեցի, սակայն Պիկասոյի հետ հանդիպել չէր ստացվում։ Մարդը չէր սիրում, երբ մոտը մարդիկ էին լինում։ Այդ դեպքում նկարել չէր կարողանում։ Մեր հրատարակչատունը նրա գիրքն էր տպելու։ Տնօրենը փողոցի ընկերս էր, ասացի. «Եթե ինձ չտանես՝ հետդ չեմ խոսի»։ Այդպես գնացի։ Պիկասոն սիրեց ինձ։ Նա ինձ ասաց. «Դու ինձ այդքան լուսանկարեցիր, ես էլ քեզ եմ նկարելու»։ Թուրքիայում Պիկասոյից մի բնօրինակ կա՝ իմ տանն է»,-պատմել է Գյուլերը։