Լոնդոնում հայտարարել են հանրահայտ մրցույթի` The Turner Prize-ի թեկնածուների ցուցակը
Լոնդոնի Tate Britain պատկերասրահում հայտարարել են Մեծ Բրիտանիայի՝ ժամանակակից արվեստի ոլորտում ամենահեղինակավոր մրցանակի՝ The Turner Prize-ի թեկնածուներին, հաղորդում է Газета.Ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Մրցանակի հանձնման պատմության մեջ առաջին անգամ նոմինացվել է սևամորթ նկարչուհի Լինեթ Բոակը` մտացածին մարդկանց պատկերներ ստեղծելու համար:
Թեկնածուների թվում է կինեմատոգրաֆիստ Լոր Պրուվոստը, ում ֆիլմերին, ինչպես նշում են կազմակերպիչները, բնորոշ են կադրերի արագ փոփոխությունը, կտրուկ մոնտաժն ու լեզվական սխալների միտումնավոր կիրառումը, ինչը նրա ֆիլմերը դարձնում է այնքան զարմանալի ու անկանխատեսելի: Մրցանակին հավակնում են նաև նկարիչ Թինո Սեգալը և Դեվիդ Շրիգլին, ով իր աշխատանքում անդրադարել է սև հումորին:
Մրցույթին մասնակցության հայտ կարող է ներկայացնել մինչև 50 տարեկան ցանկացած բրիտանացի նկարիչ, ով վերջին 12 ամիսների ընթացքում իր աշխատանքները ներկայացրել է որևէ ցուցադրության:
Այս տարի մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին: Հաղթողը կստանա 39 հզ դոլար, իսկ մյուս մասնակիցները՝ 7.7 հզ դոլար պարգևավճար:










