Ամերիկացի պրոֆեսորը «Մոնա Լիզա» կտավի գողության մասին կինոսցենար է գրել

18:28 • 26.04.13

Կալիֆոռնիայի (ԱՄՆ) քոլեջներից մեկի արվեստի պատմության պրոֆեսոր Մարկ Հադելսոնը գրել է «Մոնա Լիզա» կտավի գողության մասին՝ իրական դեպքերի վրա հիմնված կինոսցենար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Deadline կայքին։

 

Հադելսոնի աշխատանքը ստացել է «Կորած Մոնա Լիզան» անվանումը։ Դրանում պատմվում է 1910-ական թթ. սկզբին տեղի ունեցած դեպքերի մասին։ 1911թ. օգոստոսին կտավը Լուվրից գողացել է իտալացի Վինչենցո Պերուջան։ Ըստ որոշ տվյալների՝ Պերուջան հանցագործություն է կատարել հայրենասիրական դրդապատճառներով. նա ցանկացել է վերադարձնել կտավն իր հայրենիք՝ Իտալիա։

 

Ոստիկանությունը չի կարողացել բռնել Պերուջային։ Կտավը հայտնաբերել են միայն 1913-ին, երբ գողն առաջարկել է վաճառել այն Ուֆիցիի պատկերասրահին։ Պերուջան ձերբակալվել է և դատապարտվել ոչ երկարատև ազատազրկման։

 

Հադելսոնի աշխատանքում Պերուջան ներկայացված է որպես անուղղելի ռոմանտիկ։

«Այս մարդը սիրահարված է Մոնա Լիզային։ Նա վստահեցնում է, որ զգացել է նրա միայնակությունը և կարոտն Իտալիայի հանդեպ»,- ասել է պրոդյուսեր Լարի Ա. Թոմփսոնը, ով գնել է սցենարի էկրանավորման իրավունքը։ Պրոդյուսերն ավելացրել է նաև, որ ֆիլմում կլինի հատված, որտեղ Պերուջան գողացված կտավը մոտեցնում է պատուհանին, որպեսզի Մոնա Լիզան կարողանա հիանալ Ֆլորենցիայի մայրամուտով։

 

Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Ֆրանսիայում և Իտալիայում՝ այս տարի։ Թոմփսոնը պատրաստվում է թողարկել ֆիլմը 2014-ին։