РИА Новости-ի լուսանկարիչն արժանացել է Sony World Photography Awards-ի մրցանակին
Լուսանկարում՝ հանդիսատեսը Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի պատվին կազմակերպված համերգին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության լուսանկարիչ Իլյա Պիտալևը Լոնդոնում արժանացել է հեղինակավոր Sony World Photography Awards մրցույթի մրցանակին՝ «Ընթացիկ իրադարձություններ» անվանակարգում, հայտնում է Лента-ն։
Մրցանակից բացի, Պիտալևը, ինչպես և մյուս 14 անվանակարգերի հաղթողները, նվեր է ստացել Sony a99 լուսանկարչական սարք։ Ռուսաստանի ներկայացուցիչն «Անձ և հասարակություն. իրականն ընդդեմ մտացածինի» խորագրով ֆոտոշարք է ներկայացրել, որն արվել է Հյուսիսային Կորեայում՝ երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իրականացված հանդիսավոր արարողությունների ժամանակ։
Իսկ տարվա լուսանկարիչ է ճանաչվել նորվեգուհի Անդրեա Յեստվանգը, ով ուշագրավ ֆոտոշարք է արել Անդերս Բրեյվիկի ահաբեկչությունից ողջ մնացած մարդկանց մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 122.700 լուսանկար՝ աշխարհի 170 երկրից։










